ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը վարչապետ դառնալու հավակնություն չունի։
«Ես նման հավակնություն չունեմ, երբեք հավակնություն չեմ ունեցել նույնիսկ քաղաքականությամբ զբաղվելու, երբեք հավակնություն չեմ ունեցել պատգամավոր լինելու, բայց մեր երկրում դեպքերն այնպես զարգացան ու եղան գործընթացներ, որոնցից ես չէի կարող դուրս մնալ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանը։
«Ինձ համար անձնական տեսանկյունից շատ ավելի հաճելի ու հեշտ կլիներ ոչ մի բանի մեջ չլինել ու ինձ համար ապրել իմ կյանքը, բայց գործընթացներն այնպես զարգացան, որ ուղղակի չէի կարող հեռու մնալ այս ամենից: Այնպես որ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան, բայց, ամենայն անկեղծությամբ, ես նման հավակնություն չունեմ»,-ասաց նա:
Լրագրողներն այսօր նրանից հետաքրքրվեցին՝ հավակնո՞ւմ է Հայաստանի վարչապետի պաշտոնին, եթե Ռուսաստանն օգնի այդ հարցում, «դաբրո» տա. «Ես չեմ կարծում, որ որևէ երկրի դաբրոյով պետք է այստեղ որոշվեն քաղաքական գործընթացները»,- ասաց Քոչարյանը։
Դիտարկմանը, թե տարիներ շարունակ այդպես է եղել՝ պատգամավորն ասաց, որ համաձայն չէ դիտարկման հետ ու այդպես կարծելու բոլոր հիմքերն ունի։