Նման խայտառակ պարտություն կրած ղեկավարը չի կա...

Ես չեմ կարծում, որ այստեղ լռելով հարցը լուծվելու է, հակառակը, կարծում եմ՝ մեր միակ գործիքը, որպես պետություն այն է, որ իշխանությունները և մնացած բոլորս, բոլոր հնարավոր տեղերում բարձրաձայնենք այս խայտառակության մասին, որը կատարվում է Ադրբեջանում: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Բաքվում հայ ռազմագերիների շինծու դատավարությանը եւ իշխանությունների պնդմանը, թե իրենք շատ հաճախ լռում են, որ չխանգարեն գործընթացին։

«Ես համաձայն չեմ իրենց մոտեցման հետ, հակառակը իրենք բոլոր միջազգային հարթակներում պետք է ուղղակի անընդհատ և միշտ խոսեն այս ամենի մասին։

Հարցի լուծումը մաքսիմալ ճնշում գործադրելն է: Եթե հնարավորություն կա, այդ միջոցով կարող է լինի դրան հասնելը: Դրան գումարած ես չգիտեմ, Ադրբեջանի հետ բանակցություններում ինչքանո՞վ է քննարկվում այդ հարցը, բայց խիստ կասկածում եմ»,-ասաց նա:

Անդրադառնալով տեսակետին, որ պետք է բանակցողը փոխվի, որ իրավիճակը փոխվի, այդ թվում և Արցախի շուրջ, գերիների հնարավոր վերադարձի հարցում, Լևոն Քոչարյանն ասաց. «Ես միանշանակ նույն կարծիքին եմ մնում, նման խայտառակ պարտություն կրած երկրի ղեկավարը չի կարող բանակցել արդյունավետ և դրա ականատեսն ենք մենք լինում ցավոք վերջին չորս տարիների ընթացքում»: