ԱԱԾ սահմանապահ զորքերի զորամասում տեղի է ունե...

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը, Սահմանապահ զորքերի ղեկավարությունը և այլ պաշտոնատար անձինք։

Հանդիսավոր արարողությունը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյուններով։

ՀՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զորամասի շարահրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի է ունեցել խորհրդանշական միջոցառման հիմնական արարողակարգային հատվածը՝ երդման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկներն ընթերցել են զինվորական երդման տեքստը, հրամանատարների և ծնողների առաջ երդվել են անմնացորդ նվիրումով, հպարտությամբ և անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պատվով պաշտպանել երկրի սահմանները, անվերապահորեն կատարել վերադասի հրամանները։

Երդման արարողության կապակցությամբ ծնողների անունից նորակոչիկներին շնորհավորել է ծնող Արաքսյա Բաբայանը։

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը, շնորհավորելով նորակոչիկ զինծառայողներին, նշել է, որ զինվորական երդման ընդունումը հայրենիքի և ընտանիքի նկատմամբ անմնացորդ նվիրումն արտահայտելու անկրկնելի արարողակարգ է, և այս պահից է սկսվում իրական ծառայությունը հայրենիքին: 

Նորակոչիկները կատարել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրհներգը:

Երդման հանդիսավոր արարողությունը եզրափակվել է նվագախմբի ուղեկցությամբ՝ նորակոչիկների շարային քայլերթով։