92-ամյա Ջորջ Սորոսն իր կայսրության վերահսկողո...

Հրեական ծագումով ամերիկացի միլիարդատեր, ներդրող, բարերար Ջորջ Սորոսն իր հսկայական կայսրության վերահսկողությունը հանձնում է որդուն՝ Ալեքսանդրին:Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սորոսի մամուլի խոսնակի հայտարարությունը:

Նշվում է, որ խոսնակը հաստատել է կիրակի օրը The Wall Street Journal-ում հրապարակված Սորոսի հետ հարցազրույցի նշված մանրամասները։

92-ամյա Սորոսը հարցազրույցում նշում է, որ նախկինում չէր ցանկանում, որ իր Բաց հասարակության հիմնադրամները վերահսկվեն իր հինգ երեխաներից որևէ մեկի կողմից: Բայց խոսելով հիմնադրամը և իր 25 միլիարդ դոլար արժողությամբ կայսրության մնացած մասն իր 37-ամյա որդի Ալեքսին հանձնելու որոշման մասին, Ջորջ Սորոսն ասել է. «Նա վաստակել է դա»:

The Wall Street Journal-ին հարցազրույց է տվել նաև Ալեքսը՝ նշելով, որ ինքն «ավելի քաղաքական» է, քան իր հայրը, և որ նախատեսում է շարունակել ընտանեկան գումարները նվիրաբերել ԱՄՆ-ի՝ ձախ հայացքների տեր թեկնածուներին:

Ջորջ Սորոսի որդին նաև ասել է, որ ընդլայնելու է իր հոր «լիբերալ նպատակները» և  հիմնադրամի գործունեությունում ընդգրկելու այնպիսի հարցեր, ինչպիսիք են քվեարկությունը և աբորտի իրավունքը, ինչպես նաև գենդերային հավասարությունը:

«Որքան էլ ես կցանկանայի փողը հանել քաղաքականությունից, սակայն քանի դեռ դա անում է մյուս կողմը, մենք նույնպես ստիպված կլինենք դա անել», - ասաց Ալեքսը։

Բաց հասարակության հիմնադրամների խորհուրդը դեկտեմբերին Ալեքսին ընտրել էր նախագահ: Հիմնադրամը, որն ակտիվ է աշխարհի ավելի քան 120 երկրներում, տարեկան մոտ 1,5 միլիարդ դոլար է ուղղում տարբեր խմբերի, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ, ժողովրդավարության կառուցմամբ:

Իր հերթին POLITICO-ն նշում է, որ Ալեքսը Ջորջ Սորոսի երկրորդ կնոջից ունեցած երկու որդիներից ավագն է: