2022 թվականի բյուջեն հենվում է 3 հիմնական առա...

Այսօր ՀՀ-ն կանգնած է դժվարին մարտահրավերների առջև։ Դեռևս հաղթահարված չեն համավարակի և 44-օրյա պատերազմի տնտեսկաան սոցիալական և անվտանգային աղետալի հետևանքները և մարտահրավերները։ Այս մասին բյուջեի նախագծի ընդունման առիթով իր ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2021 թվականին տեղի ունեցած ԱԺ ընտրություններով հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը և բավականին ամուր հիմքեր ստեղծվեցին համախմբման և դեպի ապագա նայելու հայ ժողովրդի ձգտման համար։ Օգոստոսին մենք ներկայացրեցինք կառավարության 2021-2026 թթ գործունեության ծրագիրը, որը պետք է հիմքեր ստեղծի միջնաժամկետ հատվածում ՀՀ-ի խաղաղ, կայուն և ներառական զարգացման համար։ Մեր նպատակադրումները, որոնք արտահայտված են 2022 թվականի բյուջեում և նաև գործունեության ծրագրում, հավակնոտ են և իրատեսական։ Մենք գիտակցում ենք, որ դրանք կյանքի կոչելու համար անհրաժեշտ են ոչ միայն  տնտեսական միջամտություններ կառավարության կողմից, այլև հասարակական և մշակութային վերափոխումներ»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, որ առաջնահերթ կարևորվում է կառավարման մակարդակի արդյունավետության բարձրացումը և աշխատանքային մշակույթի վերափոխումն ու զարգացումը։

Վարչապետը կարևորեց մասնավոր ընկերությունների դերը՝ նշելով, որ կառավարությունը շարունակելու է այս ոլորտում ներդրումները, խթանող քաղաքականությունը՝ կիրառելով 3 հիմնական գործիք։

«Առաջինը պետական գնումների համակարգի թափանցիկությունը, երկրորդը՝ մրցույթի դրվող լոտերի ծավալների մեծացումը, երրորդը՝ հուսալի ընկերությունների հետ հարաբերությունների պարզեցմանն ուղղված օրենսդրական նորամուծությունները»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ 2022 թվականի բյուջեն հենվում է 3 հիմնական առաջնահերթությունների վրա. «Առաջինը՝ անվտանգության համակարգի բարեփոխում, երկրորդը՝ ենթակառուցվածքների զարգացում, երրորդը՝ կրթության և գիտության արդիականացում։ Մեծ ուշադրություն ենք դարձնելու անվտանգության ապահովմանը՝ առանց որի հնարավոր չի լինի իրագործել երկարաժամկետ զարգացման նպատակները։ Այս իմաստով կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև ՀՀ շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը՝ Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը»։