Զուրաբիշվիլիի խոսափողն անջատվել է հանրահավաքո...

Թող Իվանիշվիլին գա պալատ, քանի որ նա է կառավարում ամեն ինչ, ես պատրաստ եմ, նստենք և մտածենք, թե ինչպես նշանակենք ընտրությունները, ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը, հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում կայացած հանրահավաքի ժամանակ, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Ըստ Սալոմե Զուրաբիշվիլիի, ինքը սպասում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի պատասխանին։

Միևնույն ժամանակ, Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ քանի որ խոսափողի հետ կապված խնդիրներ կան (ելույթի ժամանակ անհայտ պատճառով անջատվել է խոսափողը, ինչպես նաև որոշ հեռուստաընկերությունների ազդանշանը), վաղը ձայնագրելու է ամբողջ ելույթը ևհայտարարություն է անելու նախագահական պալատից։

Մինչ այդ, Սալոմե Զուրաբիշվիլին, ելույթ ունենալով հանրահավաքում, ասել էր. «Ես հավատարիմ եմ մնում երկրի Սահմանադրությանը, որին երդվել եմ վեց տարի առաջ, Սահմանադրություն, որը ոտնահարվեց, բայց դիմանում է, ինչպես Վրաստանը, և ես կարող եմ միայն շարունակել հավատարիմ մնալ դրան։ Ես հավատարիմ կլինեմ վրացական բանակին, նրա վետերաններին, որոնք այսօր եկել են այստեղ, այն բանակին, որը պաշտպանում է Վրաստանը, և հավատարիմ է մնում գործընկերներին, որոնք ստեղծել, զինել և ամրապնդել են վրացական բանակը։ Ես եմ և կլինեմ դրա գերագույն հրամանատարը։ Ես հավատարիմ եմ ու այդպիսին կլինեմ այս մարդկանց, որոնք այստեղ կանգնած են, բայց ոչ միայն ձեզ, թող ոչ ոք չմտածի, ես բոլորի նախագահն եմ՝ ես եմ ու կլինեմ»։