Վերջին երեք ամսվա ընթացքում «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի արշավի շրջանակներում ԱՄՆ-ի ավելի քան 6000 վիզա է չեղարկվել։ Այս մասին նշել է ԱՄՆ պետքարտուղարությունը X միկրոբլոգում գրառման մեջ։
«Պետքարտուղարության «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» կանխարգելման աշխատանքային խումբը չեղյալ է հայտարարել օտարերկրյա քաղաքացիների ավելի քան 6000 վիզա, որոնք մասնակցել կամ նպաստել են ծննդաբերության նպատակով զբոսաշրջությանը», - նշված է հայտարարության մեջ։
Պետքարտուղարությունը հավելել է, որ բացահայտում և պատասխանատվության են ենթարկում բոլոր նրանց, ովքեր ներգրավված են այս անօրինական գործելաոճի մեջ։
Գերատեսչությունն այս աշխատանքային խումբը ստեղծել է 2026 թ. օգոստոսի սկզբին։ Այն նպատակ ունի ամբողջությամբ վերացնել այս գործելակերպը։
Ըստ ԱՄՆ սահմանադրության 14-րդ ուղղման՝ ԱՄՆ տարածքում ծնված անձինք ճանաչվում են երկրի քաղաքացիներ:
Ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրման սահմանափակման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել իր երդմնակալությունից հետո՝ 2025 թ. հունվարի 20-ին: Այն պետական գերատեսչություններին արգելում էր քաղաքացիություն տրամադրել այն ծնողների երեխաներին, որոնք երեխայի ծննդյան պահին Միացյալ Նահանգներում են գտնվել անօրինական հիմունքներով:
Հաջորդ օրը 22 նահանգների իշխանություններ դիմել էին ամերիկյան դատարաններ՝ բողոքարկելու հրամանագիրը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մարտի 13-ին դիմել է Գերագույն դատարան՝ խնդրելով չեղյալ համարել ստորին դատարանների վճիռները, որոնք արգելափակում են ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը վերացնելուն ուղղված հրամանագիրը:
Սան Ֆրանցիսկոյի վերաքննիչ դատարանը 2025 թ. հուլիսին իրավաբանորեն անվավեր և ոչ սահմանադրական է ճանաչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը ծննդյան իրավունքով քաղաքացիության սահմանափակման մասին:



