Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Ճապոնիայի կառավարության՝ «Grassroots Human Security Projects» դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ բժշկական կենտրոնը կհամալրվի ակնաբուժական արդի սարքավորումներով (ֆակոէմուլսիֆիկացման համակարգով և եղջերաթաղանթի էնդոթելյար միկրոսկոպով):
Ծրագրով նախատեսվում է նաև տեսողական և շարժողական խնդիրներ ունեցող քաղաքացինորի համար ձեռք բերել տեղափոխող մեքենա։ Սարքավորումների շնորհիվ Սպիտակում հնարավոր կլինի իրականացնել կատարակտի, գլաուկոմայի և աչքի այլ հիվանդությունների վիրահատություններ:
Ծրագիրը կծառայի Սպիտակի և հարակից 19 բնակավայրերի՝ շուրջ 15 հազար բնակիչներին:
Նախարարը կարևորել է բուժծռայությունների մարզային հասանելիության ապահովումը:
«Ուրախ եմ, որ Սպիտակի բժշկական կենտրոնը զարգացման արագընթաց ուղի է բռնել։ Այն առաջիններից է արձագանքում առողջապահության ոլորտում մեկնարկող նոր ծրագրերին՝ ձգտելով տեղում ներդնել նորարարական մեթոդներ և ծառայություններ՝ ի շահ մարզի բնակչության։ Հատկանշական է նաև, որ կենտրոնը հայ-ճապոնական արդյունավետ համագործակցության գեղեցիկ օրինակներից է, որի նշանակությունն ու արժեքը դժվար է բառերով գնահատել»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աոքի Յուտական, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը շրջել են Սպիտակի բժշկական կենտրոնում:



