44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին «Եռաբլուր» զինվորական պանթեոնից ուժի կիրառմամբ բերման ենթարկելու գործով իրավապահները փակուղուց ելքեր այդպես էլ չեն գտել։ Գործը վերաբացելուց հետո շուրջ երկու տարի քնեցվեց նախաքննական մարմնում և կրկին որոշում կայացվեց՝ ոստիկանների նկատամամբ քրեական հետապնդում չհարուցվելու մասին։ Գրում է «Փաստինֆո»-ն:
Հիշեցնենք, որ 2022թ. սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը՝ վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ «Եռաբլուր»-ից բերման են ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողներին, որոնք ցանկանում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին՝ մուտք գործել պանթեոն՝ նշելով, որ նա է իրենց որդիների մահվան մեղավորը։
«Հակակոռուպցիոն դատարանը որոշել է, որ այո, ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում պետք է չհարուցվի, իմ բողոքը ենթակա է մերժման։ Այսինքն՝ նույն պայմաններում, նույն Հակակոռուպցիոն դատարանի մեկ դատավորը գտնում է, որ չպետք է կարճվի, մյուս դատավորը՝ 1,5 տարի անց՝ գտնում է, որ պետք է կարճվի»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է պատրաստվում ներկայացնել։



