Ուկրաինայում պատերազմին վերջ դնելու շուրջ բանակցություններին մասնակցելիս Եվրոպան պետք է զգուշանա ռուսական «ծուղակներից», նոյեմբերի 13-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ԵՄ գագաթնաժողովին ժամանելիս լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Համապատասխան տեսանյութը տարածել է AFP գործակալությունը։
Պաշտոնյան ընդգծել է, որ հրադադարի հաստատումը շարունակում է մնալ գլխավոր առաջնահերթությունը։
«Բայց, կրկին, գիտեք, մեզ նախ և առաջ հրադադար է պետք։ Եթե սկսենք խոսել այն մասին, թե ինչ է Ռուսաստանը պահանջում անվտանգության ճարտարապետության վերաբերյալ, ապա մենք իրականում կընկնենք Ռուսաստանի կողմից մեզ համար լարված ծուղակները. մենք ուշադրությունը կշեղենք այն փաստից, որ հրադադար չկա, և փաստացի կսկսենք լսել նրանց պահանջները», - նշել է Կալասը։
Նա կոչ է արել կենտրոնանալ բուն խնդրի վրա։
«Մենք ունենք մեկ ագրեսոր և մեկ զոհ։ Ընդ որում, ագրեսորը չունի անվտանգային մտահոգություններ, քանի որ ոչ ոք երբեք նրանց վրա չի հարձակվել։ Նրանք են հարձակվել ուրիշների վրա։ Կենտրոնացեք թեմայի վրա», - հավելել է Կալասը։



