Ներկայացրել եմ 2029 թվականին COP34-ը հյուրընկ...

Համբարձում Մաթևոսյանը Սայմոն Սթիլի հետ հանդիպմանը ներկայացրել է 2029 թվականին COP34-ը հյուրընկալելու Հայաստանի թեկնածությունն ու պատրաստակամությունը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը՝  Անթալիայում COP31-ի շրջանակում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար Սայմոն Սթիլի հետ հանդիպումից հետո:

«Ներկայացրել եմ 2029 թվականին COP34-ը հյուրընկալելու Հայաստանի թեկնածությունն ու պատրաստակամությունը։

Անդրադարձել եմ Երևանում կայացած COP17-ի արդյունքներին և համաժողովի կազմակերպման ու բազմակողմ բանակցությունների վարման ընթացքում ձեռք բերած փորձին ու հաջողություններին։

Ընդգծել եմ, որ COP34-ը հյուրընկալելու մեր նախաձեռնությունը նաև համաշխարհային կլիմայական գործողություններին նպաստելու հնարավորություն է։

Այս համատեքստում կարևորել եմ կլիմայի փոփոխության մեղմման, հարմարվողականության և կլիմայական ֆինանսավորման ուղղությամբ հանձնառությունների իրականացումը՝ առանձնացնելով լեռնային երկրների խոցելիությունն ու հարմարվողականության կարիքները։

Անդրադարձել եմ թեկնածության գործընթացի հետագա քայլերին՝ վերահաստատելով Արևելաեվրոպական խմբի անդամ երկրների և Կոնվենցիայի քարտուղարության հետ բաց ու կառուցողական համագործակցության մեր պատրաստակամությունը»,– գրել է նա: