«Ժողովուրդ» օրաթերթիը գրում է. «Երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրները մոռացած եւ մի կողմ դրած՝ իշխանություններն օրուգիշեր նոր նախագծեր են հեղինակում լրատվամիջոցների դեմ: Բավական չէ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը «ԶԼՄ մասին» օրենքում էր փոփոխություն նախաձեռնել՝ նպատակ ունենալով լրատվամիջոցներին զրկել անանուն աղբյուրներին հղում անելու համաշխարհային իրավունքից, այժմ էլ Ֆինանսների նախարարությունը կրկին նոր նախագիծ է ներկայացրել՝ այս անգամ նպատակ ունենալով զրկել գովազդներից։
Սակայն ուշագրավ է, որ Ֆինանսների նախարարության կողմից արդեն իսկ գովազդները սահմանափակող նախագծեր էին դրվել շրջանառության մեջ, որոնցից մեկով, օրինակ, առաջարկվում էր այս տեսակի գովազդի համար սահմանել էջի 20 տոկոսը, այսինքն՝ դեռ նախարարությունն ինքը չի կողմնորոշվում՝ ինչ անել։ Եթե որոշել են պայքարել խաղամոլության դեմ, ապա ոչ թե պետք է հովանավորեն խաղամոլություն կազմակերպողներին, օգտագործեն խաղամոլությունից գոյացած գումարները ֆեյքերի ֆաբրիկաներ պահելու համար, այլ փակեն նման կազմակերպությունները։
Սակայն խաղամոլության օջախները իշխանությունը պահպանում է, հնարավորություն տալիս նրանց գովազդ տեղադրել, օրինակ, Ֆեյսբուքում, Գուգլում, Յանդեքսում, սակայն լրատվական կայքերում կամ հյուրանոցներում դրանց գովազդը սահմանափակվում է։
Վիճակախաղերի կազմակերիչները, այսպես, թե այնպես, իրենց գումարը կստանան, խաղամոլությունը, այսպես, թե այնպես, կզարգանա մեր երկրում, սակայն լրատվամիջոցները կկրեն ֆինանսական լուրջ կորուստներ, այսինքն՝ կառավարությունը ոչ թե կանանոկարգում է ոլորտը, այլ հերթական անգամ վնասում լրատվամիջոցներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



