«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը երեկ ուշագրավ փաստաթուղթ հրապարակեց Հայաստանի եւ Ինտերպոլի միջազգային քրեական ոստիկանության համագործակցության խայտառակ դրվագի մասին, ինչին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունը օրվա վերջում պարզաբանում տարածեց:
Այդ պարզաբանման շուրջ պատգամավոր Թագուհի Թովմասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տվեց իր մեկնաբանությունները:
Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչպես է որոշում կայացնում Ինտերպոլը, ինչի հիման վրա, եթե ոչ փաստական տվյալների: Հատուկ դատախազության եւ մեր լայն հանրության համար պարզաբանում եմ, որ Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածը սահմանում է. «Կազմակերպությանը խստիվ արգելվում է ձեռնարկել քաղաքական, ռազմական, կրոնական կամ ռասայական բնույթի որեւէ միջամտություն կամ գործողություն»:
Այս հոդվածի հիմնական նպատակը, համաձայն Ինտերպոլի պաշտոնական պարզաբանումների, հետեւյալն է`
ա) Ինտերպոլի՝ որպես միջազգային կազմակերպության անկախության եւ չեզոքության ապահովում,
բ) հանձման մասին միջազգային նորմերին համահունչ լինելը,
գ) անձանց պաշտպանությունը ապօրինի քրեական հետապնդումներից։
Իսկ երբ ծանոթանում ենք այդ մասնագիտական հանձնաժողովի կանոնակարգի 34-րդ հոդվածին, այն հստակ սահմանում է, որ նախքան որեւէ անձնական տվյալ շրջանառության մեջ դնելը հանձնաժողովը պարտավոր է հոգ տանել, որ այդ տվյալների շրջանառությունը համապատասխանի Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածի պահանջներին:
Իսկ հանձնաժողովի կանոնադրության 34-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է՝ որպեսզի հանձնաժողովը կարողանա համոզվել, որ անձի տվյալների շրջանառումը Ինտերպոլի խողովակներով չի խախտում Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, բոլոր վերաբերելի էլեմենտները պետք է ուսումնասիրվեն, եւ դրանցից առաջինը պետք է ուսումնասիրվի հանցանքի բնույթը, այն է՝ ներկայացված մեղադրանքը եւ դրա հիմքում դրված փաստերը»,- պարզաբանեց անկախ պատգամավորը:
Ահա Ինտերպոլի կանոնադրությունը, գործառույթները եւ առաջադրված մեղադրանքներին հիմնավորվածությունը կասկածի տակ դնելու իրավական ուղիները: Ստացվում է՝ դատախազությունը հաստատեց պատգամավորին, բայց այլ ձեւակերպմամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



