Զելենսկու գրասենյակը նշել է՝ Պուտին-Թրամփ-Զել...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Վատիկանը, Ժնևը, Ստամբուլը և Սաուդյան Արաբիան անվանել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի  նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման հնարավոր վայրեր։ Նրա խոսքով՝ Բուդապեշտը, որի մասին նույնպես խոսվել է վերջին օրերին, ֆավորիտ չէ։

Corriere della Sera թերթին տված հարցազրույցում Երմակը պնդել է, որ նախ նախատեսվում են Պուտինի և Զելենսկու միջև բանակցություններ, ապա անմիջապես եռակողմ գագաթնաժողով Թրամփի հետ։

«Մենք դեռ չգիտենք որտեղ դա տեղի կունենա: Ցանկում տարբեր վայրեր կան՝ Ժնև, Ստամբուլ, Վատիկան, Սաուդյան Արաբիա: Բուդապեշտը, իհարկե, հիշատակվել է 1994 թվականի չկատարված համաձայնագրի համատեքստում, բայց այս վայրը նախընտրելի չէ», - ասել է նա՝ հավելելով, որ Մոսկվան որպես հանդիպման վայր չի քննարկվել։

Երմակը նաև հույս է հայտնել, որ Չինաստանը կարող է ներգրավվել կարգավորման գործընթացում։ «Այս պահին Պեկինը չի մասնակցում բանակցությունների նախապատրաստմանը, բայց ես հույս ունեմ, որ դա շուտով տեղի կունենա», - նշել է նա։

Երմակի խոսքով՝ տարածքների հարցը կքննարկեն միայն առաջնորդները։ Նա ընդունել է, որ ուկրաինական զորքերը ի վիճակի չեն վերադարձնել կորցրած շրջանները։

«Մենք պետք է բանակցենք՝ հիմնվելով ներկայիս շփման գծի վրա, մենք հաշվի ենք առնում ներկայիս իրողությունները և կքննարկենք դա», - ասել է Զելենսկու գրասենյակի ղեկավարը՝ կրկնելով, որ Ուկրաինան չի մտադիրվում հրաժարվել իր տարածքներից։