Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է Թուրքիայում ժողովրդավարական սկզբունքներից նահանջի խորացման և ԵՄ-ին անդամակցելու՝ երկրի հռչակած նպատակի ու անդամակցության քաղաքական չափանիշների կատարման միջև աճող խզման մասին։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի՝ ԵՄ ընդլայնման վերաբերյալ 2026 թվականի փաստաթղթերի փաթեթի (2026 Enlargement Package) շրջանակում հրապարակված հայտարարության մեջ։ Փաթեթը, մասնավորապես, անդրադառնում է այն հարցին, թե բարեփոխումներին հանձնառությունն ինչպես է նպաստում ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին երկրների առաջընթացին։
Փաստաթղթում նշվում է, որ Թուրքիան պահպանում է ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակը և մնում միության կարևոր գործընկերը։ Բրյուսելը շարունակում է Անկարայի հետ հարաբերությունները զարգացնել փուլային և համաչափ մոտեցմամբ՝ պահպանելով ձեռնարկվող միջոցները վերանայելու հնարավորությունը և համագործակցելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Միաժամանակ Եվրահանձնաժողովն աճող մտահոգություն է հայտնել ընտրված պաշտոնյաների, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ դատական հետապնդումների առնչությամբ։ Հանձնաժողովի գնահատմամբ՝ այս գործընթացները խորացնում են հիմնարար ժողովրդավարական սկզբունքներին Թուրքիայի հանձնառության վերաբերյալ կասկածները։
Եվրահանձնաժողովը նաև ընդգծել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների՝ 2018 թվականին կասեցմանը հանգեցրած պատճառները մինչ օրս չեն վերացվել։



