5 սարսшփելի վթար՝ մեկ շաբաթում

Երեկ՝ նոյեմբերի 3-ին, հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել, Արագածոտնի մարզում։  Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, բախվել են չորս ավտոմեքենա։ Վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ, ևս 3-ը ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Զոհվածներից երեքը մեկ ընտանիքի անդամ են՝ ամուսինները և 18-ամյա որդին, զոհվել է նաև նոր նշանված զույգ։

Վերջին մեկ շաբաթվա կտրվածքով նման վթարների հաճախականությունը մտահոգության առիթ է տալիս։

Օրեր առաջ՝ հոկտեմբերի 24-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել էին «Opel» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» բեռնատարը։ Վթարի հետևանքով երկու մարդ մահացել էր, ամուսիններ էին, ևս հինգը տեղափոխվել հիվանդանոց։ Վիրավորներից չորսը երեխաներ էին, որոնցից երեքը՝ մահացած ամուսինների 7, 10 և 13 տարեկան երեխաները։ Ավելի ուշ երեխաներից մեկը նույնպես մահացավ հիվանդանոցում։

Հաջորդ օրը՝ Հոկտեմբերի 25-ին Արմավիրի մարզում՝ Արմավիր-Երևան ավտոճանապարհին, բախվել էին «Toyota Ipsum» և «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով մահացել էր «Toyota Ipsum»-ի 41-ամյա ուղևորը, մի քանի մարդ տեղափոխվել էր հիվանդանոց։

Նույն օրը ողբերգական ավտովթար էր գրանցվել նաև Երևանում՝ Հալաբյան-Էստոնական փողոցների խաչմերուկում։ Բախվել էին «BYD» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։ Չորս մարդ տեղափոխվել էր հիվանդանոց․ նրանցից 46-ամյա Մարիաննա Ա.-ն ավելի ուշ մահացել էր։

Հոկտեմբերի 31-ին ևս ողբերգական վթար էր տեղի ունեցել, Վանաձորում։ Տերյան և Զորյան փողոցների խաչմերուկում բախվել էին շտապօգնության ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Շտապօգնության մեքենայով տեղափոխվող 85-ամյա բուժառուն մահացել էր, իսկ բուժքույրը՝ տեղափոխվել հիվանդանոց։

Մինչ իշխանությունները խոսում են անվտանգ ու խաղաղ երկրի մասին, ճանապարհներին շարունակվում են մարդկային կյանքեր խլել ողբերգական վթարները, թեև ներքին գործերի նախարարության պաշտոնյաները պարբերաբար ասում են, որ թվային նվազում կա։

Իսկ հասարակության համար մնում է հարցը՝ ո՞վ և ե՞րբ է պատասխան տալու ճանապարհային անվտանգության համակարգային խնդիրների համար, և արդյոք իշխանությունների օրակարգում մարդկային կյանքերի պաշտպանությունը միայն հայտարարությունների մակարդակում չէ։