ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ձայներ...

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ձայների հաշվարկի ընթացքում Սպիտակ տանը մռայլ մթնոլորտ է տիրել։ Այս մասին հայտնում է բրիտանական The Daily Mail պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Պարբերականի հաղորդմամբ՝ ընտրությունների արդյունքում իշխող Հանրապետական կուսակցությունը կորցրել է Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ ունեցած վերահսկողությունը։

«Նստավայրում շատ, շատ մռայլ մթնոլորտ է տիրում»,– պարբերականին հայտնել է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տրամադրության մասին։ «Իրավիճակը ճնշող է»,– հավելել է նա։

Հոդվածի համաձայն՝ ժամը 23։00-ի սահմաններում, երբ պարզ է դարձել հանրապետականների պարտության մասշտաբը, Թրամփը «կատաղության մեջ է եղել» և «պապանձվել է զայրույթից»։ «Նա դիտում է Fox News-ը՝ գրեթե բառ չարտասանելով, և լռությունից կարծես քարացած լինի»,– The Daily Mail-ին պատմել է ԱՄՆ նախագահին մոտ կանգնած աղբյուրը։

Ըստ պարբերականի՝ ձայների հաշվարկի գիշերը Թրամփի կողմնակիցները սկսել են հեռանալ Սպիտակ տան Արևելյան սրահում կազմակերպված խնջույքից։ Թերթի փոխանցմամբ՝ երբ ժամը 22։00-ից քիչ առաջ հայտարարվել է Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների հաղթանակի մասին, սրահն արդեն գրեթե դատարկվել էր։

Բրիտանական թերթի մեջբերած վարչակազմի աշխատակիցներն ընտրություններում ձախողման համար պատասխանատու են համարում պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին։

«Այսօրվա երեկոն բոլորովին այլ պատկեր կունենար, եթե չլիներ Իրանի հետ պատերազմը,– պարբերականին հայտնել է պաշտոնյաներից մեկը։– Կարծում եմ՝ ի վերջո կտեսնեք, թե ինչպես է ԱՄՆ նախագահը պատասխանատվությունը բարդելու Հեգսեթի վրա»։ Թերթի մեկ այլ աղբյուր հավելել է, որ «Ռուբիոյի հարցը փակված է»։ «Թեև, հավանաբար, նույնը կարելի է ասել բոլոր այն հանրապետականների մասին, որոնք առնչություն են ունեցել Թրամփի արտաքին քաղաքականությանը»,– կարծիք է հայտնել The Daily Mail-ի զրուցակիցը։