Կոտայքի մարզի Գառնի գյուղում՝ «Գառնի Հայաթ» ռեստորանի դիմաց, լարված իրավիճակ է: Կողպել են ռեստորանի մուտքը՝ առանց սեփականատիրոջ՝ Հասմիկ Պողոսյանի իմացության: Պողոսյանը պնդում է, որ ռեստորանի մուտքը փակել են ապօրինաբար՝ Գառնու համայնքապետ Ահարոն Սահակյանի և նրա եղբոր՝ Արա Սահակյանի հորդորով:
Խնդիրն այն է, որ Գառնիում երկու տարբեր հողամասեր կան՝ 3000 և 5000 քմ հողատարածքներով: 3000 քմ հողակտորի վրա գտնվում է «Գառնի Հայաթ» ռեստորանը: Նշված երկու հողակտորներն էլ պատկանում են Հասմիկ Պոսոսյանին, բայց Գառնու համայնքապետն ու եղբայրն ասում են, թե այդ 5000 քմ հողակտորն, իրականում, պատկանել է իրենց, թեև չունեն օրինական փաստաթղթերը, պարզապես Գառնու նախկին համայնքապետը, իրենց խոսքով, հողատարածքը վաճառել է Հասմիկ Պողոսյանին՝ առանց իրենց տեղյակ պահելու:
Հասմիկ Պողոսյանը դիմել էր իրավապահ մարմիններին՝ խնդրին լուծում տալու համար: Վերջիններս եկան 30 րոպե ուշացմամբ: Այդ ընթացքում նրանց մոտեցավ նաև այն անձը, ով փակել էր «Գառնի հայաթ»-ի դուռը՝ պատճառաբանելով, թե դա արել է, որպեսզի տարածքը չաղտոտեն:

Նույն ժամանակահատվածում համայնքապետի եղբայր Արա Սահակյանը զանգահարեց Հասմիկ Պողոսյանի պաշտպանին, և, վերջինիս խոսքով, հայհոյանքներ հնչեցրեց իր վստահորդի հասցեին ու հարցրեց, թե իրեն ինչքան գումար են տվել: Նույն պահին պաշտպանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց իրավապահներին:
Կողքի գյուղից 2 ընթերականները հասան մոտ մեկ ժամ հետո ու Հասմիկ Պողոսյանը իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ ստուգումներ իրականացրեցին ռեստորանի ներսում, պարզելու համար , թե արդյո՞ք ամեն ինչ տեղում է: Պարզվեց, որ որոշ իրեր պակասում են և Հասմիկ Պողոսյանն ու պաշտպանը որոշեցին այդ իրերը չհայտնաբերելու դեպքում գողության մասին հաղորդում ներկայացնեն։



