Հանրային ծառայության մեջ գտնվող պատգամավորի թեկնածուները նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչ քվեարկության օրն օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ-ից։
Չնայած այդ հանգամանքին կան նաև բացառություններ, որոնց թվում են Հանրապետության նախագահը, վարչապետը, փոխվարչապետը, նախարարները, ԱԺ պատգամավորները։
Նշենք, որ քարոզչությունը սկսվելու է մայիսի 8-ից մինչև հունիսի 5-ի 24։00-ն։ Քարոզչությունն արգելվելու է հունիսի 6-ին և 7-ին։
ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական և համայնքային ծառայողներին (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների), ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս, դատավորներին, դատախազներին, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողներին, ոստիկանությունում, ազգային անվտանգության, քրեակատարողական, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում ծառայողներին, զինծառայողներին, ընտրական հանձնաժողովների անդամներին։



