Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ընթացքում հանձնարարել է մշակել քաղաք մտնող հիմնական ճանապարհների հարակից հատվածներում ավտոկայանատեղիների ստեղծման ծրագիր։
Քաղաքապետն ընդգծել է, որ մայրաքաղաք մտնող ավտոմեքենաների հոսքը տարեցտարի աճում է, ինչը պահանջում է համակարգված լուծումներ՝ ինչպես կայանման, այնպես էլ երթևեկության կազմակերպման առումով։
«Քաղաք մտնող ճանապարհների հարակից հատվածներում պետք է նախատեսենք ավտոկայանատեղիներ և ստեղծենք անհրաժեշտ ենթակառուցվածք։ Հոսքը դեպի քաղաք ավելանում է, և մենք պետք է դա կառավարենք համակարգված ձևով», – նշել է Ավինյանը։
Նա շեշտել է, որ նախատեսվում է իրականացնել երթևեկության հոսքերի չափագրում, որի հիման վրա կպարզվեն անհրաժեշտ ավտոկայանատեղիների ծավալը և հանրային տրանսպորտի զարգացման պահանջները։
Քաղաքապետի խոսքով՝ նման կայանատեղիներ հնարավոր է ստեղծել նաև հիմնական մուտքային ուղղություններում, այդ թվում՝ Աշտարակից և Արտաշատից դեպի Երևան տանող ճանապարհներին, որտեղ քաղաքացիները կարող են իրենց ավտոմեքենան թողնելով՝ օգտվել հանրային տրանսպորտից։
«Մեր նպատակն է նվազեցնել քաղաքային ծանրաբեռնվածությունը՝ մարդկանց աստիճանաբար տեղափոխելով հանրային տրանսպորտ», – ասել է նա։
Այս համատեքստում նշվել է, որ շարունակվում են հանրային տրանսպորտի արդիականացման աշխատանքները․ նախատեսվում է ձեռք բերել 45 նոր տրոլեյբուս և 170 նոր ավտոբուս, ինչը պետք է բարձրացնի համակարգի արդյունավետությունն ու հասանելիությունը։
Ավինյանը հավելել է, որ հետագայում կարող են քննարկվել նաև որոշ սահմանափակումներ՝ ուղղված քաղաքում անձնական ավտոմեքենաների օգտագործման կարգավորմանը։
Նրա խոսքով՝ իրականացվող քայլերը միտված են Երևանի երթևեկության բեռնաթափմանը, հանրային տրանսպորտի զարգացմանը և քաղաքային միջավայրի բարելավմանը։



