Ընդունվել է Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիր

Երևանում, այսօր՝ մայիսի 5–ին ընթացող Հայաստան–ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիր։ Ստորև ներկայացնում ենք հռչակագրի տեքստն ամբողջությամբ։

«Հայաստան-Եվրոպական Միություն գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն

5-ը մայիսի 2026թ., Երևան

Մենք՝ Հայաստանի Հանրապետության (Հայաստան) և Եվրոպական Միության (ԵՄ) առաջնորդներս, անցկացրել ենք Հայաստան-Եվրոպական Միություն առաջին գագաթնաժողովը Երևանում 2026թ․ մայիսի 5-ին և համաձայնվել ենք հետևյալի շուրջ։

1. Այսօրվա գագաթնաժողովը Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման պատմական հանգրվան է։ Այն արտացոլում է վերջին տարիների նշանակալի ձեռքբերումները և մեր քաղաքացիներին և ձեռնարկություններին շոշափելի արդյունքներ բերող մեր գործընկերության ռազմավարական կարևորությունը։ ԵՄ-ն վերահաստատում է իր անսասան հանձնառությունը՝ առավել ամրապնդելու Հայաստանի հետ հարաբերությունները և սատարելու Հայաստանի ինքնիշխանությունը, դիմակայունությունը և բարեփոխումների համապարփակ օրակարգը՝ հիմնվելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության վրա, ինչպես նաև երկարաժամկետ զարգացումը՝ մոտ բերելով Հայաստանը և հայ ժողովրդին Եվրոպական Միությանը։ ԵՄ-ն նաև խրախուսում է Հայաստանի պատրաստակամությունը՝ ավելի ինտենսիվ դարձնելու երկկողմ գործընկերությունը՝ ոլորտային ինտեգրման և ԵՄ օրենսդրությանը մոտարկման միջոցով։

2. ԵՄ-ն ճանաչում է հայ ժողովրդի եվրոպական ձգտումները, որոնք արմատավորվել են 2025թ․ մարտին «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի» մասին օրենքի ընդունմամբ, որն արտահայտում է երկրի մտադրությունը՝ շարժվելու դեպի ԵՄ։

3. Մենք վերահաստատում ենք, որ Հայաստանի ապագան պետք է որոշվի ազատ և ժողովրդավարական ճանապարհով՝ իր քաղաքացիների կողմից։

4. Մենք ընդունում ենք Հայաստանի հանձնառությունը՝ կառուցելու խոր և կայուն ժողովրդավարություն, ինչպես նշված է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում և Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգում։ Այս փաստաթղթերը մեր համագործակցությունն առաջիկա տարիներին ուղղորդող հավակնոտ քաղաքական շրջանակ են սահմանում։ Այս համատեքստում էական է ընդգծել քաղաքացիական հասարակության դերը՝ երկկողմ հանձնառությունների կատարումը մշտադիտարկելու հարցում։

5. Մենք ողջունում ենք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որը հաջողությամբ անցկացվել է Երևանում 2026թ․ մայիսի 4-ին։

6. Հայաստանը և ԵՄ-ն կապակցված են քաղաքական ընդհանուր արժեքներով և միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ ունեցած հանձնառությամբ։ Մենք վերահաստատում ենք ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքները։ Մեր երկկողմ հարաբերությունների խորացումը ներդրում է խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը Հարավային Կովկասում և դրանից անդին։

7. Այս առումով մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը և խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման երաշխավորմանն ուղղված ջանքերը։ Մենք բարձր ենք գնահատում նաև 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքները և վերջինին հաջորդող, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։ Ի հավելումն՝ ԵՄ-ն նաև լիարժեքորեն սատարում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը և տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ներառական վերաբացումը՝ հիմնված տարածաշրջանի երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև սահմանների անքակտելիության և փոխադարձության սկզբունքների վրա։ Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում ԵՄ առաքելության ներդրումը՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման հարցում։

8. Ուկրաինայի առնչությամբ կողմերը մտահոգություն են հայտնել ընթացող պատերազմի վերաբերյալ, որը շարունակում է պատճառել մարդկային անսահման տառապանքներ և ունենալ գլոբալ հետևանքներ։ Մենք աջակցում ենք Ուկրաինայում համապարփակ, արդար և երկարատև խաղաղության հասնելու բոլոր ջանքերը՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների վրա: ԵՄ-ն կրկնել է իր սկզբունքային դիրքորոշումը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի պատերազմի վերաբերյալ և վերահաստատել է իր աջակցությունը Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

9. Մենք քննարկել ենք Միջին Արևելքում վերջին զարգացումները և դրանց շղթայական ազդեցությունն ամբողջ աշխարհում: Մենք վերահաստատել ենք լարվածության թուլացման և զսպվածության, քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության և բոլորի կողմից միջազգային իրավունքը լիակատար հարգելու մեր կոչը: Միայն երկխոսությունը և դիվանագիտությունը կարող են հանգեցնել լարվածության թուլացմանը և Միջին Արևելքում հետ բերել խաղաղությունը և կայունությունը՝ ՄԱԿ կանոնադրության և միջազգային իրավունքի լիակատար հարգմամբ:

10. 270 միլիոն եվրոյին համարժեք «Դիմակայունություն և աճ ծրագիր»-ը շարունակում է առաջ մղել Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգը, ամրապնդել ոլորտային համագործակցությունը և խթանել ներդրումները՝ էներգետիկայի, տրանսպորտի և մասնավոր ոլորտներում։ Երկրի բարեփոխումների օրակարգի և ԵՄ-ին առավել մոտարկմանը հետագա աջակցություն ցուցաբերելու նպատակով կարող են դիտարկվել 2027թ․ անդին ֆինանսական աջակցության հնարավոր հեռանկարներ։

11.«Գլոբալ դարպասներ» ռազմավարության ներքո նախատեսվում է, որ Հայաստանում ԵՄ ներդրումները կհասնեն 2,5 միլիարդ եվրոյի։ Հայաստանը և ԵՄ-ն հանձնառու են խթանելու ներառական աճը և ընդլայնված կապակցվածությունը՝ հիմնվելով փոխշահավետ համագործակցության վրա։

12. Մենք ողջունում ենք Հայաստան-ԵՄ Կապակցվածության գործընկերությունը և ընդգծում դրա երեք ճյուղերի՝ տրանսպորտի, էներգետիկայի և թվային ոլորտների ռազմավարական կարևորությունը, ինչպես նաև մարդկանց միջև շփումներին միտված նախաձեռնությունները, որոնք ամրապնդում են փոխըմբռնումը, հասարակությունների դիմակայունությունը և կապերը գաղափարների, տաղանդների և ներդրումների եվրոպական ցանցերի հետ՝ Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի հետագա զարգացման նպատակով։ Այս համատեքստում և ԵՄ միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգի շրջանակներում ԵՄ-ն ողջունում է Հայաստանի նախաձեռնությունները՝ միտված տարածաշրջանային ներառական կապակցվածության բարելավմանը՝ հիմնված ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա, և վերահաստատում է իր աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Այս համատեղ տեսլականը նպաստում է Սև ծովում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում խաղաղության, կայունության և կապակցվածության խթանմանը միաժամանակ ամրապնդելով մարդկանց միջև կապերը։ Այս առումով, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի իրականացման հարցում առաջընթացն ընկալվում է որպես առանցքային, ինչը նպաստում է կայուն, անվտանգ և տարածաշրջանային ներառական կապակցվածությանը։

13. ԵՄ/Եվրոպական տնտեսական տարածքի ընկերություններին Հայաստանում ներդրումներ կատարելու հրավիրող հետաքրքրության ներկայացման կոչը լրացնում է Կապակցվածության գործընկերությունը՝ մոբիլիզացնելով մասնավոր հատվածի ներդրումներ և ստեղծելով փոխշահավետ հնարավորություններ, այդ թվում՝ ընդլայնված շուկայական հասանելիություն՝ ԵՄ/Եվրոպական տնտեսական տարածքի ընկերությունների համար, և աջակցելով Հայաստանում կայուն և դիմակայուն տնտեսական աճին։

14. ՀՀ-ԵՄ կապակցվածության բարձր մակարդակի երկխոսությունը տրանսպորտի, էներգետիկայի և թվային ոլորտներում համակարգված փոխգործակցության հարթակ կտրամադրի՝ ամրապնդելով ռազմավարական ներգրավվածությունը։

15. Մենք ողջունում ենք ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի տրանսպորտի երկխոսության մեկնարկը, որը վերահաստատում է տրանսպորտի ոլորտում համագործակցության ամրապնդման ռազմավարական կարևորությունը՝ Հայաստանի և ԵՄ միջև ապահով, արդյունավետ և կայուն տրանսպորտային կապերի ընդլայնման համար։ Մենք գիտակցում ենք նաև, թե ինչպես կարող է Անդրեվրոպական տրանսպորտային ընդլայնված ցանցն աջակցել Հայաստանի ավելի սերտ կապակցվածությանը եվրոպական շուկաների հետ և խթանել տարածաշրջանային ավելի ինտեգրված և բազմազան տրանսպորտային կապեր։

16. ԵՄ-ն ողջունում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված էներգետիկ անվտանգության, դիվերսիֆիկացիայի, կայունության և դիմակայունության բարձրացմանը։ Մենք գիտակցում ենք տարածաշրջանային էներգետիկ կապակցվածության՝ որպես աճի, դիմակայունության, կայունության և էներգետիկ անվտանգության շարժիչի ռազմավարական արժեքը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ուղենշային նախաձեռնությունների ներուժը, ինչպիսիք են՝ Հայաստանը Սևծովյան ստորջրյա մալուխում ընդգրկելու հեռանկարները:

17. ՄԱԿ Կլիմայի փոփոխությունների 28-րդ համաժողովին ընդունված «Առաջին գլոբալ ուսումնասիրության» համաձայն՝ մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ հետևելու պահպանել Փարիզի համաձայնագիրը։ ԵՄ-ն խրախուսում է շարունակական բարեփոխումները՝ համաձայն ԵՄ՝ էներգետիկայի և կլիմայի քաղաքականություններին՝ առաջ մղելով կենսաբազմազանության կորստի, աղտոտվածության և կլիմայական փոփոխության համաշխարհային եռակի ճգնաժամի դեմ պայքարը։ ԵՄ-ն վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի էներգետիկ անցմանը և ինտեգրմանը եվրոպական էներգետիկ շուկաներին։ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի մտադրությունը՝ միանալու «Էներգետիկ անցման համաշխարհային ֆորումին» և «Էլեկտրաֆիկացման համաշխարհային արշավին», որն ի ցույց է դնում Հայաստանի հանձնառությունը՝ առաջ մղելու էներգետիկ անցումը։ ԵՄ-ն, ի թիվս այլնի, ընդունում է Հայաստանի էլեկտրական ցանցի ամրապնդման, կուտակիչ կարողությունների ընդլայնման և տարածաշրջանային ինտեգրման առաջմղման անհրաժեշտությունը։

18. Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ միջուկային անվտանգության ուղղությամբ ընթացիկ համագործակցության հարցում։ Հայաստանը ողջունում է Հայկական ատոմային էլեկտրակայանի՝ շահագործումից դուրսբերման ճանապարհային 5 քարտեզի մշակման հարցում ԵՄ աջակցությունը՝ համաձայն Հայաստանի՝ մինչև 2040թ․ էներգետիկ ռազմավարության և ՀԸԳՀ-ով սահմանված համատեղ նպատակների։

19. Մենք համատեղ աշխատանքներ կտանենք՝ առավելագույնի հասցնելու թվային ոլորտում համագործակցության չիրացված զգալի ներուժի օգտագործումը։ Մենք կուսումնասիրենք վստահության ծառայությունների համապատասխան շրջանակների տեխնիկական համատեղելիությունը՝ նպատակ ունենալով առաջ շարժվել էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ճանաչման ուղղությամբ՝ ընդլայնելու թվային ոլորտում համագործակցությունը և միջսահմանային գործարքները։

20. ԵՄ-ն ողջունում է «Չիպերի համատեղ նախաձեռնության»-ը (Chips Joint Undertaking) միանալու՝ Հայաստանի մտադրությունը, որը կնպաստի ավելի լայն համագործակցության հետազոտությունների և տեխնոլոգիական զարգացման և հմուտ աշխատուժի փոխանակման հարցերում, կընդլայնի տեխնոլոգիական նորարարությունը և կնպաստի ԵՄ-ի առաջատարությանը կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտում։

21. Մենք կդիտարկենք արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում համագործակցության հնարավորությունները՝ համաձայն ԵՄ Արհեստական բանականության ակտին։ Այս համագործակցությունը կաջակցի Հայաստանի ինտեգրմանը ԵՄ թվային միասնական շուկային՝ երաշխավորելով ԱԲ տեխնոլոգիաների էթիկական և թափանցիկ զարգացումը։

22. ԵՄ-ն ողջունում է «Բարձր արտադրողականությամբ հաշվարկման եվրոպական նախաձեռնության»-ը (European High Performance Computing Joint Undertaking) միանալու՝ Հայաստանի հետաքրքրվածությունը, որը կխթանի գիտական համագործակցության ընդլայնումը, տեխնոլոգիական նորարարությունը և կնպաստի համակարգչային առաջատար տեխնոլոգիաների հարցում ԵՄ առաջատար դերին։

23. Մենք ողջունում ենք 2024թ․ մեկնարկած Մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակում արձանագրված նշանակալի առաջընթացը, որը կընդլայնի շարժունակությունը, կխթանի մարդկանց միջև շփումները և կամրապնդի տնտեսական կապերը Եվրոպական Միության և Հայաստանի միջև։ Մենք ընդգծում ենք Մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի և վերջինի հենանիշների արդյունավետ իրականացումը, և ողջունում ենք ԵՄՀայաստան մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի արդյունավետ իրականացումը։

24. Մենք աջակցում ենք Հայաստանի և Եվրապոլի, Եվրաջասթի, Ֆրոնտեքսի և ԵՄ այլ գործակալությունների հետ, ինչպես նաև Քրեական սպառնալիքների դեմ եվրոպական բազմաոլորտ հարթակի շրջանակում համագործակցության ամրապնդումը և հանձնառու ենք առավել ընդլայնելու մեր համագործակցությունը՝ իրավապահ, սահմանների 6 կառավարման, միգրացիայի կառավարման, այդ թվում՝ անկանոն միգրացիայի դեմ, և արդարադատության ոլորտներում։

25. Մենք ողջունում ենք Հայաստանի և Ֆրոնտեքսի միջև աշխատանքային պայմանավորվածության բանակցությունների հարցում գրանցված զգալի առաջընթացը՝ երկու բանակցողների կողմից նոր տեքստի նախաստորագրմամբ։ Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի գլխավոր դատախազության և Եվրոպական դատախազության միջև համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության շուրջ բանակցությունների ավարտը։

26. Մենք օգտագործելու ենք ընդհանուր մարտահրավերներին ավելի լավ արձագանքելու և Հայաստանի դիմակայունությունը ամրապնդելու հարցում համագործակցությունն ինտենսիվացնելու առկա ներուժը։ Այդ նպատակով՝ ԵՄ-ն և Հայաստանը հանձնառություն են վերցնում առավել զարգացնելու, խորացնելու և ամրապնդելու համագործակցությունը և երկխոսությունն անվտանգային և պաշտպանական մի շարք հարցերում՝ օգտվելով առկա շրջանակներից և ուսումնասիրելով համագործակցության նոր ուղիներ, ինչպես նաև հաշվի առնելով, որ անվտանգությունն ընդգրկում է միմյանց սերտորեն կապված ուղղությունների ավելի լայն շրջանակ։

27. Մենք բարձր ենք գնահատում ԵՄ և Հայաստանի միջև աճող համագործակցությունը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունն ամրապնդելու ուղղությամբ, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների և արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության, ինչպես նաև ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ վստահությունը խաթարելու փորձերի դեմ պայքարի հարցում։ ԵՄ հիբրիդային արագ արձագանքման թիմի տեղակայումը կարևոր ներդրում է ունեցել այս ուղղությամբ երկկողմ համագործակցության հարցում։

28. Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության հիմնումը է՛լ ավելի կամրապնդի Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունը և ճգնաժամերը կառավարելու կարողությունը՝ տրամադրելով խորհրդատվություն և աջակցություն Հայաստանի համապատասխան հաստատություններին։

29. Մենք ողջունում ենք Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին 30 միլիոն եվրոյի հասնող երկու անգամ տրամադրված ոչ մահաբեր աջակցությունը, որը միտված է ամրապնդելու Հայաստանի դիմակայունությունը և խթանելու զինված ուժերի փոխգործելիությունը՝ ապագայում, միջազգային առաքելություններին և գործողություններին, այդ թվում՝ ԵՄ կողմից իրականացվող, հնարավոր մասնակցության համար։

30. ԵՄ-ն ողջունում է Հայաստանի հետաքրքրվածությունը՝ ամրապնդելու համագործակցությունն Անվտանգության և պաշտպանության եվրոպական քոլեջի հետ՝ 7 նպատակ ունենալով Հայաստանի համապատասխան ռազմական և քաղաքացիական կրթական հաստատությունները դարձնել Քոլեջի ասոցացված ցանցի գործընկերներ։

31. Անվտանգային և պաշտպանական համագործակցության շրջանակներում մենք կխթանենք կիբեր անվտանգության և դիմակայունության վերաբերյալ մտքերի փոխանակումը, բազմակողմանի քննարկումները, կիբեր միջադեպերին և հարձակումներին պատրաստվածությունը և արձագանքը՝ ամրապնդելով կիբեր անվտանգությունը և ուժեղացնելով կիբեր պաշտպանությունը։

32. Մենք ողջունում ենք խորհրդապահական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ «Տեղեկատվության անվտանգության մասին» համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը և հանձնառու ենք վերջինի շուրջ բանակցություններն ավարտել հնարավորինս սեղմ ժամկետներում։

33. Մենք ողջունում ենք ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանող համաձայնագրի ուժի մեջ մտնելը։ Այս համատեքստում, գնահատում ենք Հայաստանի հետաքրքրվածությունը՝ մասնակցելու ԵՄ առաքելություններին և գործողություններին։ Մենք ողջունում ենք նաև Հայաստանի աճող համապատասխանեցումը ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականությանը։

34. Մենք ողջունում ենք բնական և մարդածին աղետների շուրջ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը՝ քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ վարչական համաձայնագրի ստորագրմամբ, որը կնպաստի տեղեկատվության, փորձի և փորձագետների առավել արդյունավետ փոխանակմանը։

35. Մենք հանձնառու ենք շարունակելու մեր սերտ համագործակցությունը ԵՄ պատժամիջոցների շրջանցումը կանխելու և խափանելու գործում: Մենք կամրապնդենք համատեղ ջանքերը՝ երկակի նշանակության ապրանքների և մարտական գործողությունների ընթացքում կիրառվող զգայուն պարագաների առևտուրը և վերաարտահանումը մշտադիտարկելու, սահմանափակելու և դրանց նկատմամբ վերահսկողություն ապահովելու ուղղությամբ:

36. Մենք ողջունում ենք Հայաստանի և ԵՄ միջև ֆինանսական և տնտեսական ինտեգրման առաջընթացը, այդ թվում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան ապահով, թափանցիկ և արդյունավետ վճարումների և ֆինանսական համագործակցության խթանմանն ուղղված հնարավոր քայլերը։

37. ԵՄ-ն շարունակում է լինել Հայաստանի առաջնային առևտրային գործընկերը և ներդրողը՝ աջակցելով կայուն աճին, աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական դիվերսիֆիկացմանը. այս գործընկերության ամրապնդման հարցում կենտրոնական դերակատարում ունի Համապարփակ և ընդլայնված գործընկերության 8 համաձայնագիրը։ Մենք վերահաստատում ենք համատեղ աշխատելու մեր հանձնառությունը՝ ավելացնելու և դյուրացնելու Հայաստանի արտահանումների կառուցվածքի դիվերսիֆիկացիան, այդ թվում՝ ԵՄ շուկա նոր ապրանքների արտահանումը։

38. ԵՄ-ն ի գիտություն է ընդունում համապատասխանության գնահատման ընթացակարգերին մոտարկվելու՝ Հայաստանի ձգտումը։

39. Մենք ողջունում ենք Հայաստանի մտավոր սեփականության գրասենյակի և ԵՄ մտավոր սեփականության գրասենյակի միջև Մտավոր սեփականության իրավունքների վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որն արտացոլում է նորարարությունը պաշտպանելու և խթանելու, Հայաստանում մտավոր սեփականության իրավական հուսալի շրջանակի ամրապնդման համատեղ հանձնառությունը։

40. ԵՄ-ն ողջունում է Հայաստանի հետաքրքրվածությունը՝ միանալու ԵՄ «Customs» և «Fiscalis» ծրագրերին՝ ընդլայնելու մաքսային և ֆիսկալ հարցերում համագործակցությունը՝ մոտարկվելով ԵՄ պրակտիկային և օրենսդրությանը։

41. Մենք վերահաստատում ենք մեր ամուր հանձնառությունը՝ առաջ մղելու բարեփոխումները դիմակայուն և ներառական հասարակություն կառուցելու համար էական այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սոցիալական քաղաքականությունը, կրթությունը, հետազոտությունները և նորարարությունը, երիտասարդությունը, սպորտը, մշակույթը և առողջապահությունը, որպես օրինակ՝ «Էրազմուս+»-ի միջազգային ուղղության, ինչպես նաև «Հորիզոն Եվրոպա»-ի և «Ստեղծագործ Եվրոպա»-ի միջոցով։ ԵՄ-ն կաջակցի Հայաստանի մտադրությանը՝ մասնակցելու «Ստեղծագործ Եվրոպա»-ի մեդիա բաղադրիչին, ինչը կնպաստի տեսալսողական ոլորտի զարգացմանը և կընդլայնի ԵՄ հետ մշակութային փոխանակումները։ Մենք ողջունում ենք հայ երիտասարդության աճող մասնակցությունը ԵՄ ծրագրերին և միջոցառումներին, այդ թվում՝ «ԵՄ-ն հանուն երիտասարդության» ծրագրին, և ակնկալում նրանց շարունակական ներգրավվածությունը։

42. Մենք ողջունում ենք Հայաստանի միացումը Հետազոտությունների և նորարարության ոլորտում միջազգային համագործակցության սկզբունքների և արժեքների վերաբերյալ բրյուսելյան հայտարարությանը։

43. ԵՄ-ն ողջունում է Հայաստանի հետաքրքրվածությունը՝ «ԵՄ-ն հանուն առողջության» ծրագրի (2021–2027) առնչությամբ։

44. Մենք պատրաստակամ ենք ուսումնասիրել Հայաստան-ԵՄ գործընկերությունն ի նպաստ մեր ժողովուրդների և ձեռնարկությունների առաջ մղելու հետագա քայլերը։