Փոթորիկները, որոնց մենք բոլորս բախվում ենք, համակարգային բնույթ ունեն, դրանք փորձության են ենթարկում ազգերին, նրանց ինքնիշխանությունը, ինստիտուտները և առանձին մարդկանց։ Այս մասին մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն — 2026» միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Միջազգային իրավունքն ու գլոբալ կարգը պարզապես ճնշման տակ չեն, դրանք ակտիվորեն քայքայվում են։ Մենք ականատես ենք վտանգավոր տեղաշարժի, երբ ուժի գերակայությունը, որպես կանոն, դուրս է մղում իրավունքի գերակայությանը։ Միջուկային հռետորաբանությունը, որը մի ժամանակ սահմանափակվում էր սառը պատերազմի շրջանակներով, կրկին վերադարձել է հիմնական քաղաքական դիսկուրս։
Այսօր տեխնոլոգիաները զարգանում են շատ ավելի արագ, քան դրանց ընձեռած հնարավորություններն ու ռիսկերը կառավարելու մեր կարողությունը։ Արհեստական բանականությունը դադարել է լինել ֆուտուրիստական երազանք և դարձել է իրականություն։ Այն նաև վերածվել է մանիպուլյացիայի հզոր գործիքի, որն արդյունաբերական մասշտաբներով ապատեղեկատվություն է գեներացնում, ստեղծում կեղծ իրականություններ և վիրաբուժական ճշգրտությամբ թիրախավորում ժողովրդավարական հասարակությունները։
Այսօր գլոբալ շուկան այլևս կայուն չէ, և վերջին իրադարձությունները խորապես սասանել են այն համոզմունքը, թե բաց առևտուրն օգուտ է բերում բոլորին։ Էներգակիրների գների տատանումները կարող են մեկ գիշերվա ընթացքում քայքայել ազգային տնտեսությունը։ Տնտեսական պատժամիջոցները դարձել են աշխարհաքաղաքական ճնշման սովորական գործիք՝ առևտուրը վերածելով մարտի դաշտի։
Բնական համակարգերը, որոնք պահպանում են կյանքը Երկրի վրա՝ մեր կլիման, ջուրը, հողը, անտառները և կենսաբազմազանությունը, այլևս պարզապես չեն փոփոխվում. դրանք գտնվում են լուրջ ճնշման տակ։ Մենք աստիճանական տաքացումից անցում ենք կատարել խորը անկայունության մի շրջանի, երբ շրջակա միջավայրին հասցված վնասը սրում է մնացած բոլոր ճգնաժամերը։
Կենսաբազմազանության կորուստը, հողերի դեգրադացիան և անտառահատումները թուլացնում են բնության վերականգնվելու կարողությունը, մինչդեռ բնական ռեսուրսների չափից ավելի օգտագործումը սպառնում է այն հավասարակշռությանը, որն անհրաժեշտ է հասարակության գործառնության համար։
Այս բոլոր «փոթորիկները» առանձին չեն առաջացել։ Դրանք միավորվել են և ուժեղացնում են միմյանց։ Աշխարհաքաղաքական ցնցումն առաջացնում է տնտեսական հարվածներ, որոնք սնում են տեխնոլոգիական սպառազինությունների մրցավազքը, ինչն իր հերթին խորացնում է աշխարհաքաղաքական տարաձայնությունները, իսկ շրջակա միջավայրի փոփոխությունը է՛լ ավելի է դժվարացնում այս բոլոր խնդիրների լուծումը։
Հայաստանը գիտի, թե ինչ է նշանակում հայտնվել փոթորկի էպիկենտրոնում։ Այն մարտահրավերներն ու դժվարությունները, որոնց մեր երկիրը բախվել է վերջին տարիներին, շատ ժողովուրդների կհասցնեին կաթվածահար վիճակի և կկանգնեցնեին կործանման եզրին։ Երբ երկիրը հայտնվում է նման իրարանցման մեջ, պատմությունն առաջարկում է երեք հիմնական ուղի։ Առաջինը մեկուսացումն ու հեռավորություն պահպանելն է։ Սա մի կողմ քաշվելու, գործողություններից խուսափելու և հույս ունենալու ընտրությունն է, թե անմասն մնալով՝ դուք կխուսափեք փոթորիկներից, կպահպանեք ձեր հարմարավետության գոտին և ստատուս քվոն։
Կարճաժամկետ հեռանկարում սա կարող է անվտանգ ընտրություն թվալ, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ նման մեկուսացումը չի պաշտպանում։ Այն ընդամենը կտրում է ժողովուրդներին իրականությունից, նրանց դարձնում ավելի խոցելի՝ դրանով իսկ ուժգնացնելով հարվածի ցնցումը, երբ ճգնաժամը հասնում է նրանց։ Երկրորդ ուղին կապիտուլյացիան է փոթորկի առաջ։ Այս դեպքում դուք ձեռնարկում եք ոչ արդյունավետ և սխալ քայլեր։ Գործողություններ, որոնք կանխատեսելի են կամ, որ ավելի վատ է, թելադրված են «սցենարիստների» կողմից, և ի վերջո դուք միայն օգնում եք փոթորկին ձեզ տանել այնտեղ, ուր նա կկամենա։
Այսպիսով, դուք հրաժարվում եք վերահսկողությունից։ Դուք այլևս չեք որոշում ձեր ճակատագիրը։ Դուք դառնում եք օբյեկտ, ոչ թե ձեր սեփական պատմության սուբյեկտը։ Եվ պարզապես հոսանքին տրվելով կամ փորձելով լողալ՝ դուք անխուսափելիորեն վտանգում եք դառնալ ուրիշների կողմից ընդունված որոշումների զոհը և բախվել գոյաբանական խնդիրների։ Իսկ երրորդ տարբերակը փոթորկի միջով անցնելն է՝ պրագմատիզմով և հեռատես ռազմավարությամբ։ Նայել իրականության աչքերին ուղիղ, ոչ թե խուսափել դրա ընդունումից։ Հասկանալ, որ փոփոխական աշխարհում որոշակի կայունություն ապահովելու միակ միջոցը վերահսկողությունը սեփական ձեռքը վերցնելն է։
Հայաստանն անցել է բոլոր երեք փուլերով։ Միայն մեր նորագույն պատմության ընթացքում։ Մի քանի տասնամյակ մենք կարծում էինք, թե հաջողությամբ խուսափում ենք փոթորիկներից և պահպանում մեր սովորական հարմարավետության գոտին՝ մնալով օտարված։ Երբ ճգնաժամը պայթեց և պատրանքային անվտանգությունը փլուզվեց, մենք հայտնվեցինք հորձանուտում, որտեղ մեզ, չնայած բոլոր ջանքերին, քաշում էին դեպի անդունդը։
Եվ հենց այդ պահին մենք որոշեցինք դուրս գալ պատմության այդ արատավոր պարույրից։ Ոչ թե հետևել այն ամենին, ինչ մեզ թելադրում էին ուրիշները, այլ սեփական ճակատագրի վերաբերյալ ինքնիշխան որոշումներ կայացնելու պատասխանատվություն ստանձնել։ Ոչ թե մնալ անցյալում, այլ նայել առաջ՝ կառուցել ժամանակակից ժողովրդավարական և բարգավաճ հասարակություն, իրական ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ օժտված պետություն, որը խաղաղ կենսակերպ ունի ներկայիս պայմաններում։ Եվ հենց այդ պահին ծնվեց «Իրական Հայաստանի» հայեցակարգը։
Այն ժամանակ, երբ թվում էր, թե ամեն ինչ փլուզվում է տարբեր փոթորիկների ճնշման տակ, մենք հաստատեցինք խաղաղություն։ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովը նշանավորեց որպես պատմական շրջադարձային կետ՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից համատեղ հռչակագրի ստորագրմամբ, որին որպես վկա մասնակցում էր նաև ԱՄՆ նախագահը։ Միևնույն ժամանակ, իմ ադրբեջանցի գործընկերը և ես նախաստորագրեցինք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։
Ստանձնելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ճանաչված սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչման պարտավորությունը՝ Հայաստանն ու Ադրբեջանը պատմական քայլ կատարեցին։ Նրանք վերջ դրեցին բազմամյա հակամարտությանը և քայլ կատարեցին տարածաշրջանում խաղաղության ու կայունության դարաշրջան բացելու ուղղությամբ», - նշել է Միրզոյանը։



