Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ չտրամա...

Վրաստանն արժանի է Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալ, մերժման դեպքում դա կլինի ԵՄ-ի հերթական ռազմավարական սխալը։ Ինչպես  տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից, այդ մասին  խորհրդարանում իր ամենամյա զեկույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Իհարկե, կարգավիճակը խորհրդանշական կարևորություն ունի, բայց այն կարևոր է հաջորդ փուլի համար: Մեր թիմն արել է առավելագույնը: Ես իմ եվրոպացի գործընկերներին համոզում եմ, որ եթե մեզ թեկնածուի կարգավիճակ չտրամադրեն, սա կլինի հերթական ռազմավարական սխալը Եվրամիության կողմից: Մեր ժողովուրդը և մեր կառավարությունը դրան արժանի չէ», - հայտարարել է վարչապետը։

Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները վերջին 10 տարվա ընթացքում կարողացել են ապացուցել, որ իրենք շեշտը դնում են արդյունքների վրա։

«12 հանձնարարականներից, կարելի է ասել, 11-ը կատարվել է, առավելագույն աշխատանք ենք կատարել», - հավելել է վարչապետը։

2022 թ. հունիսի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հայտարարել են, որ պատրաստ են ԵՄ-ին անդամակցելու համար Վրաստանին տրամադրել թեկնածուի կարգավիճակ՝ նրա կողմից մի շարք պայմանների կատարման դեպքում։ Միևնույն ժամանակ թեկնածուի կարգավիճակ արդեն տրամադրել են Ուկրաինային ու Մոլդովային։