ՄԹ-ում ամերիկյան բազայի մոտ ահաբեկչության կաս...

Հինգ տղամարդ ձերբակալվել է ահաբեկչական ակտ նախապատրաստելու և Պայթուցիկ նյութերի մասին ակտը խախտելու կասկածանքով՝ Միացյալ Թագավորության հարավ-արևմուտքում գտնվող Թագավորական ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) «Ֆեյրֆորդ» ավիաբազայի հարևանությամբ իրականացվող լայնամասշտաբ գործողության շրջանակում։

Գործողությունը գլխավորում է բրիտանական հակաահաբեկչական ոստիկանությունը։ Ոստիկանությունը շրջափակել է ավիաբազային հարակից տարածքը, իսկ առավոտյան բանակային ականազերծողները հատուկ ռոբոտի միջոցով զննել են մի քանի ավտոմեքենա։ Միաժամանակ «Ֆեյրֆորդի» հարևանությամբ գտնվող Ուելֆորդ գյուղից տարհանվել են տասնյակ ընտանիքներ, իսկ դեպքի վայր են ժամանել օպերատիվ ծառայությունների բազմաթիվ մեքենաներ։

Կասկածյալների ենթադրյալ նպատակի և շարժառիթների մասին առայժմ տեղեկություններ չեն հրապարակվել։

«Ֆեյրֆորդ» ավիաբազան օգտագործվում է ինչպես բրիտանական, այնպես էլ ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից։ Բազայում մշտապես տեղակայված են ԱՄՆ ՌՕՈՒ ստորաբաժանումներ, իսկ Իրանի դեմ պատերազմի մեկնարկից հետո այնտեղ են տեղակայվել նաև ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչներ։ Ավելի վաղ ականատեսները բազայի ցանկապատից այն կողմ նկատել էին B-1 ռմբակոծիչներ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է կատարվածին՝ նշելով, որ կասկածյալներին «վաղուց էին հետևում»։

«Մենք հետևում էինք նրանց։ Նրանք մտադիր էին լուրջ վնաս հասցնել մեր ամրոցին, և բրիտանացիների հետ համագործակցությունը հրաշալի ստացվեց։ Հնարավոր է՝ դա Սքոթլանդ Յարդն էր, չգիտեմ։ Մենք համագործակցում էինք բազմաթիվ հատուկ ծառայությունների հետ։ Մենք վաղուց էինք հետևում նրանց և բռնեցինք», — ասել է Թրամփը։

Բրիտանական օրենսդրության համաձայն՝ ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածվող անձին կարող են պահել մինչև երկու շաբաթ՝ առանց մեղադրանք առաջադրելու։