Իրանական «Թասնիմ» գործակալությունը սեպտեմբերի 27-ին «Հայաստանի ռազմավարությունը՝ Պարսից ծոցի շուկաները գրավելու համար» վերնագրով վերլուծություն է հրապարակել Հայաստանի տնտեսական քաղաքականության մասին։
Իրանական լրատվամիջոցը Հայաստանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանման ընդլայնումը դիտարկում է որպես Երևանի՝ ռուսական շուկայից կախվածությունը նվազեցնելու ավելի լայն ռազմավարության մաս։
«Թասնիմը» նշում է, որ 2025 թվականին Հայաստանից արտահանված մրգի 93, իսկ բանջարեղենի 98 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին։ Գործակալության գնահատմամբ՝ նման կախվածությունը Հայաստանը խոցելի է դարձնում ռուսական շուկայում հնարավոր ցնցումների նկատմամբ։
Այս պայմաններում Հայաստանի կառավարությունը մեծացնում է այլ շուկաներ արտահանումը խրախուսող պետական աջակցությունը։ Հիմնական նոր ուղղություններից մեկը ԱՄԷ-ն է, որտեղ արդեն սկսվել է հայկական մրգի և բանջարեղենի արտահանումը։ Երևանը բանակցում է նաև էմիրաթական խոշոր մանրածախ ցանցերի հետ։
«Թասնիմի» գնահատմամբ՝ ԱՄԷ-ն կարող է Հայաստանի համար դառնալ Պարսից ծոցի մյուս շուկաներ մուտք գործելու կարևոր հանգույց։ Իրանական գործակալությունը Հայաստանի այս քաղաքականությունը ներկայացնում է որպես փորձ՝ «ազատվելու ռուսական շուկայից բացարձակ կախվածությունից»։



