ԵՄ-ն պատրաստում է «ճանապարհային քարտեզներ»՝ Ո...

Եվրոպական միությունը մշակում է առաջարկներ Ուկրաինային, Մոլդովային, Չեռնոգորիային և Ալբանիային ԵՄ-ին անդամակցելու հստակ, փուլային գործողությունների ծրագիր տրամադրելու նպատակով. այս մասին հայտնել է Politico-ն՝ վկայակոչելով Եվրոպական հանձնաժողովի երկու բարձրաստիճան պաշտոնյաների։

Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ ներկայումս մշակվող «ճանապարհային քարտեզները» հստակեցնելու են, թե կոնկրետ ինչ է ակնկալվում թեկնածու յուրաքանչյուր երկրից, ինչպես նաև պարտավորություններ են սահմանելու ԵՄ ներկայիս անդամների համար, որոնք պետք է համաձայնություն տան գործընթացի շարունակմանը։

Նշվում է, որ թեկնածու երկրների կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթացն առաջ մղելու համար անհրաժեշտ է ներկայիս անդամների «միաձայն աջակցությունը»։

Աղբյուրը պարբերականին հայտնել է, որ «ճանապարհային քարտեզները» կներկայացնեն առաջնահերթությունների հստակ ցանկ՝ ներառյալ ժամկետներն ու ակնկալվող արդյունքները, որոնք կօգնեն առավել առաջընթաց գրանցած թեկնածուներին իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները։

«Այնուամենայնիվ, ԵՄ-ին անդամակցելը ժամանակ է պահանջում։ Թեկնածու երկրները պետք է անցնեն ընտրության խիստ՝ արժանիքների վրա հիմնված գործընթաց և իրականացնեն ծավալուն ու երկարաժամկետ բարեփոխումներ»,- մեջբերել է Politico-ն ընդլայնման նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթի նախագիծը, որին ծանոթացել է պարբերականը։

«Ճանապարհային քարտեզները» նշանավորում են առաջին դեպքը, երբ թեկնածու երկրները երաշխիքներ կստանան, որ անհրաժեշտ բարեփոխումների շարունակական իրականացման դեպքում կընդունվեն ԵՄ կազմ, ինչպես նաև կստանան բանակցությունների ավարտի վերաբերյալ առաջարկվող կողմնորոշիչ ժամկետներ։

Ուկրաինան ԵՄ-ին մերձեցնելու գործընթացը սկսվել էր 2014 թվականին Ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ, որը ներառել է «Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու» ստեղծումը և ուժի մեջ էր մտել 2017 թվականին։