Վրաստանի խորհրդարանի խոսնակը կասկածի տակ է դր...

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին կասկած է հայտնել Վրաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու նպատակահարմարության հարցում։ Կասկածները բխում են կազմակերպության ներսում որոշումների կայացման միաձայնության սկզբունքից որակյալ մեծամասնության սկզբունքին անցնելու մասին խոսակցություններից։

Ինչպես նշել է Պապուաշվիլին, ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Յոհան Վադեֆուլն առաջարկել էր չեղարկել այն կանոնը, որով մեկ երկիրը կարող է արգելափակել ընդհանուր որոշումը։ Վադեֆուլի խոսքով՝ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության վերաբերյալ որոշումները պետք է ընդունվեն ձայների մեծամասնությամբ։

«Խոշոր պետությունների համար նման մոդելը, թերևս, ընդունելի է, քանի որ նրանց չափսերը, տնտեսական կշիռն ու քաղաքական ազդեցությունը որոշումների կայացման գործընթացում առանց այն էլ կարևոր առավելություն են ապահովում։ Մինչդեռ փոքր երկրների համար սրանք աղետալի փոփոխություններ են լինելու։ Ուստի առավել քան այժմեական է դառնում հարցը՝ ո՞րն է անդամակցության իմաստը, եթե քեզանից անմիջապես խլում են գլխավոր առավելությունն ու լծակը», — Facebook-ում գրել է Պապուաշվիլին։

Վրացական խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ ԵՄ-ին անդամակցությունը կարևոր է նրա համար, որ երկիրն աջակցի իր համար օգտակար որոշումներին, առաջ մղի իր շահերն ու կասեցնի իրեն վնասող որոշումները։ «Եթե երկրից խլում են այդ հնարավորությունը, այդ դեպքում Եվրամիությունից էլ խլում են վերջինիս որպես ազգային շահերի պաշտպանության միջոց լինելու կարևորությունը։ Ըստ այդմ՝ անհետանում են անդամակցության քաղաքական գրավչությունն ու հիմնարար մոտիվացիան», — ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ նման պայմաններում փոքր երկրների համար, թերևս, ավելի լավ կլիներ մնալ դաշինքից դուրս, առնվազն նրա համար, որ նրանք կպահպանեն այս կամ այն որոշումն ազատորեն ընդունելու իրավունքը։