Ո՞վ է Վոլոդյա Գրիգորյանի մարդասպանը

Սեպտեմբերի 23-ին իր տան դիմաց գնդակահարվեց Փարաքար համայնքի ընդդիմադիր ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը և նրա ընկերը, ևս մեկ անձ ծանր վիրավորվեց։ Սպանությունից ժամեր անց տարածվեց 50 վայրկյան տևող տեսանյութ, որտեղ երևում է անմիջապես սպանության պահը և մարդասպանի գործողությունները։ Առաջին հայացքից հասկանալի էր, որ սպանողը պատահական մեկը չէ։

Տեսանյութի հիման վրա մարդասպանի գործողությունները վերլուծելու համար Politik.am-ը զրուցեց հատուկ ծառայությունների նախկին աշխատակցի հետ, ով չցանկացավ հրապարակել իր անունը։

Մասնագիտական դիտարկումներ

  • Շարժումների բնույթ – մարդասպանը գործում է արագ և առանց տատանումների։ Շարժումների սահունությունն ու որոշումների արագությունը խոսում են փորձառության մասին։

  • Մարմնի դիրք – պահպանում է հավասարակշռություն․ կրակոցի պահին չի ցուցաբերում ավելորդ շարժումներ։ Սա բնորոշ է մարզված կամ հատուկ պատրաստված մարդու։

  • Հարձակման ձևը – զենքի կիրառումն ու զոհին մոտենալու եղանակը հիշեցնում են մարտավարական մոտեցում․ նախապես ապահովում է դիրքը և ապա միայն հարձակվում։

  • Սթրեսի կառավարում – տեսանյութում չի նկատվում խուճապ կամ նյարդային ավելորդ շարժումներ, ինչը կրկին մատնանշում է հատուկ պատրաստվածություն։

Մեր զրուցակցի խոսքով՝ այս դիտարկումները հուշում են, որ գործ ունենք վարձու մարդասպանի հետ կամ մարդու, ով նախկինում արդեն ունեցել է մարդասպանության փորձառություն։ Հնարավոր է՝ նա հատուկ նշանակության զորքերում ծառայած և պատերազմի մասնակցած անձ է։

Վենդետայի իմիտացիայի տարրեր

Կան միայն երկու դրվագներ, որոնք կարող էին հուշել վենդետայի մասին՝

  1. Ավտոմատի խզակոթով սպանված Վոլոդյա Գրիգորյանի մարմնին հարվածելը։

  2. Նահանջի ճանապարհից վերադառնալը և կրկին կրակելը։

Սակայն մեր զրուցակիցը նախընտրում է չշտապել եզրակացությունների մեջ։ Նրա խոսքով՝ դիակին հարվածելը և կրկնակի կրակոցը կարող են լինել ոչ միայն էմոցիոնալ արձագանք, այլ նաև թատերականացված տարրեր, որոնք նպատակ ունեն կեղծ հետևություններ առաջացնել։

Ինչու կարող է սա դիտավորյալ «սցենար» լինել

  • Վենդետայի իմիտացիա – նման գործողությունները հատուկ են անձնական վրեժի դեպքերին։ Եթե կատարողը ցանկանում է կասկածները շեղել դեպի «ընտանեկան հաշիվներ» կամ «անհատական թշնամանք», այդ պահվածքը կարող է դիտավորյալ ցուցադրություն լինել։

  • Պատվերով սպանության քողարկում – պրոֆեսիոնալ կատարողը սովորաբար գործում է սառը և առանց ավելորդ շարժումների։ Երբ նա ավելացնում է «էմոցիոնալ» տարրեր, դա կարող է ծառայել միայն մեկ նպատակին․ ուղղորդել հետաքննությունը սխալ ուղղությամբ։

  • Հասարակական ընկալման մանիպուլյացիա – հանցագործի գործողությունները միշտ դիտվում են որպես «հաղորդագրություն»։ Դիակին խզակոթով հարվածը կամ կրկնակի կրակոցը անմիջապես առաջացնում են վրեժի տպավորություն, ոչ թե կազմակերպված պատվերի։

Այս ամենը հուշում է, որ մարդասպանը նախապես գիտակցել է՝ սպանության ակտը տեղի է ունենալու անվտանգության տեսախցիկների առջև, և իր գործողությունները կատարել է դիտավորյալ՝ հասարակության մոտ ճիշտ այնպիսի ենթադրություններ ձևավորելու համար, ինչ իրեն էր պետք։

 «Ո՞վ էր մարդասպանը» հարցին մեր զրուցակիցը պատասխանեց հստակ․

«99,9 տոկոսով՝ վարձու մարդասպան է։ Երկարամյա փորձ ունեցող, գործողության ամենափոքր դետալն անգամ մշակված և հաշվարկված էր։ Հստակ էր նաև նահանջի ճանապարհը։ Այս պահին նա կամ արդեն հեռացել է Հայաստանից, կամ էլ փորձում է դա անել և ամենայն հավանականությամբ դա իրեն կհաջովի, եթե իհարկե պատահականության սկզբունքը չգործի ու իրավապահները չկանգնեցնեն»։