«Հայաստանը փորձադաշտ է»․ Դելկորդը ասաց ամբողջ...

Տարիներ շարունակ Հայաստանի արևմտամետ շրջանակները հասարակությանը փորձում են համոզել, որ Ռուսաստանից հեռանալը և դեպի Եվրոպա շարժվելը Հայաստանի անվտանգության նոր համակարգի ճանապարհն է։ ԵՄ դիտորդներ, եվրոպական աջակցություն, «դիմակայունություն», նոր գործընկերներ․ այս ամենը հաճախ մատուցվում է այնպես, որ հասարակության մոտ տպավորություն ստեղծվի՝ Հայաստանը պարզապես մի անվտանգության համակարգը փոխարինում է մյուսով։

Բայց Երևանում եվրոպացի դիվանագետը շատ ավելի ուղիղ խոսեց։

Բելգիայի ԱԳՆ նախկին պաշտոնյա, դեսպան Ռաուլ Դելկորդը հայտարարեց. «Եվրամիությունը Հայաստանին չի առաջարկելու անվտանգության երաշխիքներ, որոնք ՆԱՏՕ-ն է իր անդամներին տրամադրում»։ Ավելին՝ նա հատուկ ընդգծեց, որ ԵՄ-ն կարող է բարձրացնել Հայաստանի դիմակայունությունը, բայց «ինքնին անվտանգության երաշխավոր չի կարող լինել»։

Սա, ըստ էության, քանդում է Հայաստանի ներքաղաքական դաշտում տարիներ շարունակ վաճառվող ամենակարևոր պատրանքներից մեկը։

Եվրոպան կարող է խորհրդատու ուղարկել, դիտորդ կանգնեցնել սահմանին, բարեփոխումներ պահանջել ու քաղաքական հայտարարություններ անել։ Բայց երբ հարցը հասնում է ամենակարևորին՝ ո՞վ է պաշտպանելու Հայաստանը պատերազմի դեպքում, պատասխանը դառնում է շատ պարզ՝ ԵՄ-ն նման երաշխիք չի տալիս։

Դելկորդի մյուս ձևակերպումն առավել հետաքրքիր էր։ Նրա խոսքով՝ Հայաստանը «փորձադաշտ» է, որտեղ պետք է պարզվի՝ եվրոպական աշխարհաքաղաքական ազդեցությունը կարո՞ղ է գործել առանց սովորական ազդեցության գոտու քաղաքականության։

Այսինքն՝ Հայաստանի համար այստեղ միայն «եվրոպական ապագայի» հարց չէ։ Եվրոպան ևս Հայաստանում իր աշխարհաքաղաքական փորձն է իրականացնում։

Եվ նույնքան սառը է ԵՄ անդամակցության հեռանկարը։ Դելկորդը որևէ ժամկետ կամ երաշխիք չի տալիս։ Նախ Հայաստանը պետք է վերափոխվի, հետո պետք է համոզել ԵՄ այն երկրներին, որոնք Հայաստանի անդամակցության նկատմամբ բաց չեն, իսկ դրանից հետո դեռ պետք է սպասել, մինչև Եվրամիությունն ինքը պատրաստ լինի հերթական ընդլայնմանը։

Այսինքն՝ անվտանգության երաշխիք՝ չկա, անդամակցության հստակ ժամկետ՝ չկա, փոխարենը Հայաստանին առաջարկվում է վերափոխվել, փոխել իր տնտեսական և քաղաքական կախվածությունները և սպասել։

Սա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է հարաբերություններ զարգացնի Եվրամիության հետ։ Ընդհակառակը՝ Եվրոպայի հետ տնտեսական, տեխնոլոգիական և քաղաքական հարաբերությունների զարգացումը Հայաստանի շահերից կարող է բխել։

Բայց վտանգավոր է արտաքին քաղաքական համագործակցությունը հասարակությանը վաճառել որպես անվտանգության երաշխիք։

Հատկապես մի երկրում, որը երկու փակ սահման ունի, գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև և ընդամենը մի քանի տարի առաջ պատերազմ է անցել։

Եվրոպացի դիվանագետը Երևանում պարզապես բարձրաձայնեց այն, ինչ Հայաստանի հասարակությանը շատ ավելի վաղ պետք է ասվեր. Եվրամիությունը կարող է լինել Հայաստանի գործընկերը, բայց այսօր չի հանդիսանում Հայաստանի ռազմական անվտանգության երաշխավորը։

Մնացածը քաղաքական քարոզչություն է, եթե այն ներկայացվում է որպես արդեն գոյություն ունեցող եվրոպական անվտանգության վահան։