Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով Եվրոպական դատարանի հունիսի 18, 2026 թվականի վճիռը Մեծ Պալատ (V.T. and others v. Azerbaijan)։
«Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով դիմումատուի ներկայացուցիչ, իրավաբան Արա Ղազարյանը գրում է. «Դա սպասելի էր։ Բողոքը դեռ չենք ստացել։ Բողոքարկման հաջողության հավանականությունը ցածր է, 5-6 տոկոս` ըստ վիճակագրության։ Առավել կարևոր է, թե ինչ հիմքով է Ադրբեջանը բողոքարկել վճիռը։ Փաստերի ուժով չի կարող բողոքարկել։ Մեծ Պալատ կարելի է բողոք ներկայացնել միայն իրավունքի հարցի մասով՝ եթե բողոքում բարձրացվում է հարց, որը վերաբերում է Կոնվենցիայի որևէ հոդվածի մեկնաբանությանը, կամ այնպիսի հարց, որն ընդհանուր (համաեվրոպական) նշանակություն ունի։ Այդ առումով առավել հնարավոր է, որ Ադրբեջանը բողոքարկելու է արտատարածքային իրավազորության տեսական հիմքը, որը ՄԻԵԴ-ը կիրառել է սույն գործով։
Դեպքերը տեղի են ունեցել Թալիշ գյուղի հայկական դիրքերի թիկունքում, որը մեծամասամբ գտնվում էր Արցախի զինված ուժերի հսկողության տակ։ Սակայն ադրբեջանական դիվերսիոն խումբը ժամանակավոր ներթափանցել էր թիկունք ու այնտեղ իրականացրել ռազմական հանցագործություններ։ ՄԻԵԴ-ը չի կիրառել «պատերազմի ակտիվ փուլ» սկզբունքը, որի դեպքում դիմումը կմերժեր (պատերազմի ակտիվ փուլում, երբ հակամարտության կողմերը ակտիվ ռազմական գործողությունների մեջ են, գրեթե ամբողջությամբ գործում է հունանիտար իրավունքը, ՄԻԵԿ-ը կիրառելի չէ):



