Ոստիկանության 5 ծառայող ազատվել է պաշտոնից

Կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի 2025 թվականի վերջին նիստը, որի արդյունքում որոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ–ից։

Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը Ներքին գործերի նախարարության սկզբունքներից է: Այդ համատեքստում պարբերաբար ներկայացվում են կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները:

ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի՝ 2025 թվականի վերջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:

Մասնակցել են Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարողը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության պետը, ինչպես նաև ՆԳՆ կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության յոթ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը, փաստական հանգամանքները վերլուծելուց հետո, որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ երկու ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից: