Որևէ պաշտոնյայի հայտարարություն չի կարող լարո...

Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Արցախի նախկին ու ներկա նախագահների՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատին ներկայանալու քայլը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ասաց, որ դա գնահատում է որպես փաստ` ավելացնելով` չեմ կարծում, որ որևէ բան կարող է վնասել ՀՀ և Արցախի ժողովուրդների եղբայրությանը»:

Ռուբինյանն անդրադարձավ վարչապետի հայտարարությանը՝ Արցախը հակահեղափոխության կենտրոն դարձնելու մասին.

«Վարչապետն ասել է հետևյալը, որ եթե ինչ-որ ուժեր փորձեն Արցախը վերածել հակահեղափոխության կենտրոնի, Արցախի ժողովուրդն այն կվերածի հեղափոխության կենտրոնի, և այդ պնդման հետ ես համաձայն եմ: Գաղտնիք չէ, որ պարբերաբար մամուլում գրում են ինչ-որ լարվածության մասին: Վարչապետը հենց այս համատեքստում է ասել` հաշվի առնելով այդ խոսակցությունները, անդրադարձել է այդ թվացյալ վտանգին, և, ըստ էության, ասել, որ այդպիսի վտանգ չկա և չի կարող լինեl այն պարզ պատճառով, որ Արցախի ժողովուրդը հայ ժողովրդի մի մասն է»,- նշեց Ռուբինյանը:

Պատգամավորն ընդգծեց՝ չի կարծում, որ որևէ բան պետք է անտեսել, բայց միևնույն ժամանակ ուզում է արձանագրել, որ որևէ պաշտոնյայի հայտարարություն, կարևոր չէ՝ ինչ «ռանգի» պաշտոնյայի և ինչ հայտարարության մասին են խոսում, պարզապես չի կարող որևէ կերպ լարում մտցնել Հայաստանի և Արցախի ժողովուրդների միջև: