Իսրայելում չեղարկվել են Նեթանյահուի գործերով...

Իսրայելական դատարանը պաշտպանական կողմի խնդրանքով չեղարկել է մայիսի 4-ին նախատեսված լսումները՝ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գործերով՝ նրա անվտանգության հարցերով զբաղված լինելու պատճառով։ Այս մասին հայտնում ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ynet պորտալին։

Ըստ աղբյուրի՝ վարչապետի փաստաբանը խնդրել է չեղարկել մայիսի 4-ի լսումները՝ «անվտանգության հարցերով խորհրդակցությունների» պատճառով, որոնք անցկացվել են երկուշաբթի գիշերը, ինչպես նաև հրեական պետության ռազմաքաղաքական կաբինետի նիստի պատճառով։ Միաժամանակ, Ynet-ի տվյալներով, նախապես մայիսի 3-ի երեկոյան նախատեսված անվտանգության նեղ կաբինետի նիստը տեղափոխվել է մայիսի 4-ի երեկո, ապա՝ չեղարկվել։ Պորտալը նաև նշում է, որ վարչապետի մայիսի 4-ի գրաֆիկի մանրամասները պաշտպանական կողմը ներկայացրել է «կնքված ծրարում», որը փոխանցվել է դատարանին։

Իսրայելի վարչապետը մեղադրվում է երեք կոռուպցիոն գործերով՝ ավելի քան 700 հազար շեկել (մոտ 230 հազար դոլար) արժողությամբ անօրինական նվերներ ստանալու մեջ, այդ թվում՝ սիգարներ և շամպայն, լրատվամիջոցների կարգավորման հետ կապված խարդախության մեջ՝ իր քաղաքականության վերաբերյալ բարենպաստ լուսաբանման դիմաց, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ՝ ընկերների շահերին ծառայող նախագծերի առաջմղման նպատակով։ Դատավարությունը Թել Ավիվի և Երուսաղեմի դատարաններում շարունակվում է 2020 թվականից, իսկ Նեթանյահուն բազմիցս հերքել է իր մեղքը։ Վարչապետը դատարանում ցուցմունքներ սկսել է տալ 2024 թվականի դեկտեմբերից։