ԵՔՄ գագաթնաժողովը կարող է պատմական դառնալ միջ...

2022 թվականին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 1-ին գագաթնաժողովի շրջանակում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ, կազմակերպվել էր քառակողմ հանդիպում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ, և հենց այնտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ես ընդունեցինք որոշում, որը փոխեց խաղի ընթացքը։ Այդ մասին մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի լիագումար նիստի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ ժամանակ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Նա հավելել է, որ այդ համաձայնությունը ստեղծեց իրական հնարավորություն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար, ուրվագծեց ապագա խաղաղության ճարտարապետությունը և հանգեցրեց 2025 թվականի օգոստոսյան Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովին։ Փաշինյանը հիշեցրել է, որ այդ ժամանակ Սպիտակ տանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ և մասնակցությամբ, ինքը և Ադրբեջանի նախագահը ստորագրել են խաղաղության հռչակագիրը։

«Միացյալ Նահանգների նախագահը նույնպես ստորագրել է այն՝ որպես վկա։ Երեք առաջնորդների ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախաստորագրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին պայմանագիրը։ Այժմ մենք գտնվում ենք մի ճանապարհի վրա, որը կհանգեցնի շատ կարևոր նախագծի՝ TRIPP-ի իրականացմանը։ Այն կնպաստի խաղաղությանը՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, Արևելքից Արևմուտք և Հարավից Հյուսիս նոր միջազգային երթուղիների ստեղծման միջոցով՝ հսկայական ներդրում ունենալով մատակարարումների միջազգային շղթաների կայունության մեջ», - եզրափակել է Հայաստանի վարչապետը։