Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է մնալ մեր մոտ գործընկերը և նաև տնտեսական կապերը շատ ինտենսիվ են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Վաշինգտոնում երկու ուղղության բան տեղի ունեցավ, որից երկրորդը ստվերվում է. դա Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կնքված երեք հուշագրերն են, որոնք, ըստ էության, բնական շարունակությունն էին և արտացոլումն էին Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հաստատված ռազմավարական գործընկերության։
Ու էլի պիտի անդրադառնամ մանիպուլյացիաներին, կհիշեք, երբ մենք տարվա սկզբին ռազմավարական գործընկերություն հաստատող փաստաթուղթ ստորագրեցինք ԱՄՆ նախորդ վարչակազմի հետ, քննադատությունների տարափ տեղաց այն մասին, որ այս անխելքները, ենթադրվում էր մենք, կնքում ենք այդպիսի փաստաթուղթ հեռացող քաղաքական ուժի հետ, և մենք չենք հասկանում, որ հեսա նոր քաղաքական ուժը գալու է և այդ ամբողջը գցի ջուրը։ Եվ ի՞նչ տեսանք, Միացյալ Նահանգների նոր վարչակազմը ոչ միայն պահպանում է այդ փաստաթուղթը և ընդգծված ընդունված սկզբունքները, որոնք մենք հաստատել էինք Միացյալ Նահանգների հետ, այլև մի հատ էլ ընդամենը մի քանի ամիս հետո երեք նոր հուշագիր ստորագրեց այդ փաստաթղթից բխող և դրա ոգուն համապատասխան։ Դրանք էականորեն նոր հնարավորություններ են ստեղծում մեզ համար և մեր համագործակցության համար չափազանց կարևոր էներգետիկ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, և մեկն էլ ուղղակիորեն բխում էր մեր խաղաղության խաչմերուկ ծրագրից և արտահայտում է Միացյալ Նահանգների սատարումը Հայաստանի Հանրապետության կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը։ Այդ կանխատեսումները հոդս ցնդեցին ի բարօրություն Հայաստանի, չեմ կարող երևի նույնը ասել մեր ընդդիմության ակնկալիքների մասին»,– հայտարարեց Միրզոյանը։
Խոսելով այլ երկրների հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին, Միրզոյանը նշեցՄեզ հաջողվեց ռազմավարական գործընկերություն հաստատել Նիդերլանդների հետ, նույն բովանդակությամբ քննարկումներ են ընթանում մի շարք ԵՄ անդամ երկրների հետ, Ֆրանսիայի հետ առաջին հերթին։ Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունները գիտեք՝ որքան տարողունակ են և անընդհատ ամեն օր ավելի են զարգանում։
Մեզ հաջողվեց ռազմավարական գործընկերություն հաստատել Չինաստանի հետ։ Հիշում եք՝ մեծ և լուրջ դեմքով վերլուծություններ այն մասին, որ հնարավոր չի ռազմավարական գործընկերություն անել և Միացյալ Նահանգների հետ, և Չինաստանի և հետո գնալ այնտեղից Ճապոնիա և այլն։ Բայց արի՛ ու տես, որ մեզ դա հաջողվեց։
Ղազախստանի հետ գնում ենք այս ճանապարհով, տեղի ունեցավ Ղազախստանի նախագահի այցը, քիչ անց սպասվում է Հայաստանի վարչապետի պատասխան պետական այցը Ղազախստան։ Ես ուզում եմ այստեղ նաև առանձնացնել Ղազախստանը, մեր ռազմավարական բնույթի հարաբերությունները ընդգրկում են և՛ քաղաքական երկխոսությունը, և՛ տնտեսական։ Ղազախստանը առաջին երկրներից մեկն էր, որը շատ հստակ աջակցություն հայտնեց խաղաղության խաչմերուկ նախագծին, և այժմ շատ շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ։
Հիշենք օրերս հայտնի դարձած տեղեկությունը այն մասին, որ Ղազախստանից ցորեն է առաքվելու Ադրբեջանով, Վրաստանով դեպի Հայաստան։ Ուզում եմ նաև շատ դրական գնահատել Ադրբեջանի համապատասխան որոշումը։ Սա հենց այն է, ինչի մասին անընդհատ խոսում ենք ենթակառուցվածքների ապաշրջափակում, հանրապետությունների կարգավորում և հետսհետե բարիդրացիական հարաբերությունների հաստատում։



