Փաշինյանի այցից առաջ տնօրենը հրահանգել է հագն...

«Իշխանություն» լրատվականը գրում է․ «Երեւանի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում սովորող երեխաների ծնողները «Իշխանություն» լրատվականին ահազանգում են՝ կրթահամալիրի ՔՊ-ական տնօրեն Ռուզաննա Երեմյանը աշակերտներին փորձում է ներքաշել քաղաքական գործընթացների մեջ։

Ըստ նրանց՝ Նիկոլ Փաշինյանի այցից առաջ Երեմյանը հրահանգել է հագնել միանման շապիկներ՝ ՔՊ քարոզչական սրտիկի պատկերով, որոնք պետք է ձեռք բերեն ծնողները 1 հատի արժեքը 7000 դրամով։ Ծնողների մի մասը հրաժարվել է, եւ հանրային աղմուկից խուսափելու համար որոշում է կայացվել հագնել միանման շապիկներ, սակայն, արդեն զինանշանի պատկերով։

«Սա ի՞նչ պարտադրանք է․ ծնողներ կան, որ գուցե չունեն հնարավորություն՝ այդպիսի շապիկներ ձեռք բերելու»,-ասաց մեր զրուցակիցը։

Պարզաբանում ստանալու նպատակով «Իշխանություն» լրատվականը կապ հաստատեց Ռուզաննա Երեմյանի հետ։ Կրթահամալիրի տնօրենի խոսքում ակնհայտ հակասություններ կար, և դա արդեն բավական է կասկածելու համար, որ կամ ամբողջ ճշմարտությունը չի ասում, կամ փորձում է մեղմել իր դերը։ Սկզբում նա կտրականապես հերքում է, թե սրտիկով շապիկի թեմա եղել է։ Հետո ընդունում է, որ քննարկում եղել է, պարզապես պատասխանատվությունը տեղափոխում է ուսուցիչների ու աշակերտների դաշտ։ Միաժամանակ ասում է, որ տեղյակ չի եղել, բայց հետո պարզվում է՝ գիտի թեմայի բովանդակությունը, գիտի քննարկման ընթացքը, նույնիսկ շապիկի գնի մասին պատկերացում ունի, եւ վերջում հաստատում է, որ ընդհանուր որոշում կա միանման շապիկ հագնելու։ Ավելին՝ Ռուզաննա Երեւմյանը ընդդիմացավ՝ «սրտիկն ի՞նչ կապ ունի Նիկոլ Փաշինյանի հետ»։

«Ի սկզբանե տեղյակ չեմ եղել սրտիկի մասին, որովհետեւ ես զբաղված եմ շենքի կահավորման աշխատանքներով։ Ես, ճիշտն ասած, էդ սրտիկը վարչապետի հետ կապելու գաղափարը չեմ հասկանում, որովհետեւ համայն մարդկությունը սրտիկ ցույց է տվել մինչեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սրտիկ ցույց են տալու նաեւ հետագայում։ Մենք էլ, երբ երիտասարդ ենք եղել, մեկս մյուսին սրտիկ ենք ցույց տվել։ Սրտիկի մեջ որեւէ քաղաքական բան չեմ տեսնում, եթե խոսքը սիրո մասին է», — նշում է Ռուզաննա Երեմյանը։ Նա թեև միաժամանակ պնդում էր, որ «տեղյակ չի եղել», սակայն զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ տնօրենը տեղյակ է եղել ոչ միայն քննարկման փաստից, այլև դրա բովանդակությունից։ Օրինակ, շապիկների արժեքի մասին հարցին նա արձագանքեց այսպես․ «Ոչ՛, 7000 դրամ չէ։ Ես տեղյակ եմ այս պահին, որ իմ վարչական մասի պատասխանատուն, դասղեկները, երեխաները քննարկել են եւ եկել այն եզրակացության, որ հագնեն նման շապիկներ»։

Հարցին՝ կա՞ արդյոք որոշում, որ բոլորը պետք է ներկայանան նույնատիպ շապիկներով Փաշինյանի այցին, տնօրենը պատասխանեց՝ այո, նման որոշում կա։

Ռուզաննա Երեմյանը հպարտացավ նաեւ իր ՔՊ-ական լինելով եւ պնդեց, որ իր աշխատանքային գործունեության մեջ չկա քաղաքականություն։ «Ես ՔՊ անդամ եմ եւ հպարտանում եմ իմ կուսակցական պատկանելությամբ, հպարտանում եմ, որ ընդգրկվել եմ ցուցակում։ Որպես ՔՊ կուսակցության անդամ ունենալու եմ իմ մասնակցությունը քարոզարշավին։ Իմ աշխատանքային գործունեության մեջ չկա քաղաքականություն»,-ասաց նա։

Դիտարկմանը, որ նախընտրական ֆոնին դպրոցականներին նման շապիկներով ներկայացնելը կարող է ընկալվել որպես քարոզչություն, նա արձագանքեց․ «Հարգելիս, սրտիկ ցույց տալը նախընտրական քարոզարշավ է՞։ Նախընտրական քարոզարշավը չի սկսվել»։

Այս ամենով հանդերձ, սկզբում հերքելով սրտիկով շապիկների թեման, այնուհետև ընդունելով քննարկման փաստը և ներկայացնելով մանրամասներ՝ նա փաստացի հակասում է ինքն իրեն։ Իսկ այս ամենն առնվազն ձևավորում է հիմնավոր կասկած, որ տնօրենը ոչ միայն տեղյակ է եղել գործընթացից, այլև կարող էր լինել դրա նախաձեռնողներից կամ ցուցում տվողներից։ Հատկապես, երբ խոսքը գնում է Նիկոլ Փաշինյանի այցի մասին, իսկ ինքը հանդիսանում է ՔՊ պատգամավորի թեկնածու»։