Ամիրբեկովը կարևորել է Հայաստանի ընտրություննե...

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, Իտալիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, հանդիպել է մի շարք պաշտոնյաների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Եվրամիության (ԵՄ) հարաբերությունները։

Իտալական կողմն հատկապես ընդգծել է Ադրբեջանի կարևոր դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման, Կենտրոնական միջանցքի զարգացման, Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտային ու լոգիստիկ կապերի ամրապնդման, ինչպես նաև դեպի Կենտրոնական Ասիա մուտքի ընդլայնման գործում։

Բանակցությունների ընթացքում Էլչին Ամիրբեկովը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված հետագա քայլերի ու սպասումների վերաբերյալ։

Նա նշել է, որ այս տարի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու նոր սահմանադրության ընդունման հանրաքվեն կարևոր դեր կխաղան երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործում, ինչը կապահովի տարածաշրջանային երկարատև և կայուն խաղաղություն։ Իտալական կողմն ընդգծել է իր աջակցությունը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու Ադրբեջանի ջանքերին և հույս հայտնել, որ խաղաղության համաձայնագիրը շուտափույթ կստորագրվի։