«Լեյտենանտ» Լֆիկ Սամոն անցավ Ադրբեջանի կողմ

Երեկ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Հայաստանում էր։ Ըստ մամուլի հրապարակումների՝ հանդիպել է հայաստանյան գործարարների հետ։ Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպման էր գնացել նաև ՀՀԿ-ական գործարար Սամվել Ալեքսանյանը կամ, ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը,՝ Լֆիկ Սամոն։

Հայաստանի գործող իշխանությունների և նրանց հետ փոխկապակցված գործարարների հարցը պարզ է․ այդ մարդիկ թուրքերի հետ խնդիր չէին տեսնում և հիմա էլ չեն տեսնում։ Բայց Սամվել Ալեքսանյանի հանգամանքը ցույց է տալիս, թե մինչև 2018 թվականը ինչպիսի կեղծ իրականություն է եղել։

Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպման գնացած Ալեքսանյանը 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորական համազգեստ էր հագել։ Հետո պարզվեց, որ Երկրապահ կամավորական միության անդամ է։ Այդ օրերին հայտարարում էր, որ Ադրբեջանը մեր թշնամին է (թե ասա՝ առևտրականի համար ինչպես կարող է փող ունեցող Ադրբեջանը թշնամի լինել)։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա նաև մեդալներ ունի, որոնք երջանկահիշատակ գեներալ Մանվելի մեքենայի բարդաչոկում էին։

Բացի նրանից, որ այս մարդը կեղծ հայրենասեր էր խաղում, նաև այն հիմնական կերպարներից էր, որի ապօրինությունները թմբկահարելով Նիկոլ Փաշինյանը հարթում էր իշխանության գալու իր ճանապարհը։

Ադրբեջանի կողմն անցած «լեյտենանտ» Լֆիկ Սամոն պետք է մեր հասարակության կողմից լինի ամենամերժելի կերպարներից մեկը։ Նա մարդ է, ով ժամանակին հայրենասեր խաղալով մասնակցել է այս երկրի թալանին և առաջին իսկ հնարավորության դեպքում Արցախում զոհված մեր հայրենակիցների արյան վրայով անցել է՝ հասնելով Ալիևի գիրկը։