ԱՄՆ-ը խստացնում է վիզային կանոններն ապաստան հ...

Այսուհետ Միացյալ Նահանգների վիզա ստանալու համար դիմողները պետք է հաստատեն, որ իրենց հայրենի երկրներում հետապնդումների չեն ենթարկվում, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է էլ ավելի սահմանափակել պոտենցիալ ապաստան հայցողների մուտքը երկիր։ Դրա մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։

Նոր կանոնը, որը շարադրված է բոլոր դեսպանատներին և հյուպատոսարաններին ուղարկված դիվանագիտական հեռագրում, ուժի մեջ է մտնում ներգաղթի քաղաքականության արմատական փոփոխությունների պայմաններում։

Վարչակազմն արդեն իսկ խստացրել է ուսանողական վիզա ստանալու համար դիմողների ստուգումները և ժամանակավորապես կասեցրել է ներգաղթային դիմումների վերաբերյալ որոշումների ընդունումը՝ համոզվելու համար, որ դրանք համապատասխանում են անվտանգության ստուգման նոր ուղեցույցներին։

Այդ կանոնը տարածվում է ոչ ներգաղթային վիզաների բոլոր դիմողների, ներառյալ՝ զբոսաշրջիկների, ուսանողների, ժամանակավոր աշխատողների վրա։ Հիշեցնենք, որ հունվարին ԱՄՆ-ը կասեցրել էր ներգաղթային վիզաների ձևակերպումը 75 երկրների համար։

«Հյուպատոսական աշխատողները պետք է կանխեն ներգաղթային համակարգի չարաշահումները այն դիմողների կողմից, որոնք խեղաթյուրում են իրենց ուղևորության նպատակը, ներառյալ նրանց, ովքեր փորձում են ոչ ներգաղթային վիզա ստանալ՝ ԱՄՆ ժամանելուն պես ապաստան հայցելու նպատակով»,- ասված է CNN-ի ձեռքի տակ հայտնված հուշաթերթիկում։

Պետքարտուղարության հրահանգը հյուպատոսական աշխատողներին պարտադրում է դիմողներին երկու հստակ հարց տալ. «Արդյո՞ք Ձեր քաղաքացիության կամ վերջին մշտական բնակության երկրում ենթարկվել եք վնասի կամ դաժան վերաբերմունքի»։ «Արդյո՞ք մտավախություն ունեք, որ Ձեր քաղաքացիության կամ մշտական բնակության երկիր վերադառնալիս կենթարկվեք վնասի կամ դաժան վերաբերմունքի»։

«Դիմողը պետք է բանավոր պատասխանի «ոչ» երկու հարցերին էլ, որպեսզի հյուպատոսական ծառայողը շարունակի վիզայի տրամադրման գործընթացը»,- ասված է հուշաթերթիկում։

Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ հյուպատոսական աշխատողները «ԱՄՆ ազգային անվտանգության պաշտպանության առաջին գիծն են» և օգտագործում են բոլոր հասանելի գործիքները՝ պարզելու համար՝ արդյոք յուրաքանչյուր դիմող համապատասխանո՞ւմ է ԱՄՆ օրենսդրության պահանջներին։

Հիշեցնենք, որ ապաստան ստանալու համար անձը պետք է ֆիզիկապես գտնվի ԱՄՆ տարածքում և թաքնվի իր հայրենի երկրում քաղաքական, ռասայական կամ կրոնական հետապնդումներից։