ՎԴ քրեական պալատը նախադեպային որոշում է կայաց...

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը իրավակիրառ պրակտիկայի համար ուղենիշային մոտեցումներ է ամրագրել՝ ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին դատարանի որոշման բողոքարկման ընթացակարգի, վերադաս դատարանների կողմից այդ որոշման դատական ստուգման սահմանների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրին Վճռաբեկ դատարանից։

«ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը մարտի 17-ի որոշմամբ քննարկելով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը բեկանելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ ներկայացված բողոքները, օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի և իրավունքի զարգացման դատավարական լիազորության իրացման շրջանակներում, «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) դիրքորոշումների և խնդրո առարկա հարցի վերաբերյալ միջազգային փորձի հաշվառմամբ, իրավակիրառ պրակտիկայի համար ուղենիշային մոտեցումներ է ամրագրել՝ ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին դատարանի որոշման բողոքարկման ընթացակարգի, վերադաս դատարանների կողմից այդ որոշման դատական ստուգման սահմանների վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։