2026 թ. խորհրդարանական ընտրություններին որպես ընտրող մասնակցած Լուսինե Աբոյի Ավագյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Հայտնում է a1plus.am–ը։ Պատճառը նրա 2026 թվականի հունիսի 11-ին հրապարակայնորեն տարածված՝ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, իսկ մյուս քաղաքական ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե» հայտարարությունն է։
Ըստ հայցվորի' սա վերաբերում է նաեւ իրեն, քանի որ ձայն է տվել ընդդիմադիր քաղաքական ուժին։ Ըստ հայցադիմումի' սա չի համապատասխանում իրականությանը և արատավորում է հայցվորի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը։
Դատարանը, հայցադիմումը բավարարելու դեպքում, պետք է պարտավորեցնի պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ-ում գործող զանգվածային լրատվության միջոցների համար հասանելի վայրում և առնվազն 24 (քսանչորս) ժամ առաջ այդ մասին ԶԼՄ-ներին նախապես ծանուցելով հրապարակայնորեն հերքել Լուսինե Աբոյի Ավագյանի հասցեին տարածված զրպարտություն համարվող փաստացի տվյալները։
Իսկ հերքումը պետք է լինի այս բովանդակությամբ. «ՀԵՐՔՈՒՄ, 11.06.2026 թվականին տված ասուլիսիս ընթացքում «մյուս քաղաքական ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե» հրապարակված տվյալը չի համապատասխանում իրականությանը՝ սուտ է, հետեւաբար այլ քաղաքական ուժի օգտին քվեարկած Լուսինե Աբոյի Ավագյանի կողմից ընտրակաշառք վերցնելու վերաբերյալ հրապարակված տվյալը չի համապատասխանում իրականությանը՝ սուտ է»։
Հայցվորը Նիկոլ Փաշինյանին պահանջում է նաեւ բռնագանձել 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում: Նիկոլ Փաշինյանից հայցադիմումի բավարարման դեպքում պետք է բռնագանձվի նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 230.000 դրամ։
Հայցադիմումը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին։ Սակայն գործը վարույթ ընդունվել էլ, թե' ոչ, դեռ պարզ չէ։



