Քաղաքական գործիչ Բորիս Նադեժդինին ձերբակալել...

Ոստիկանությունը ձերբակալել է քաղաքական գործիչ Բորիս Նադեժդինին: «Ոստիկանություն է եկել: Տանում են Դոլգոպրուդնիի բաժին»,- գրել է նա իր թելեգրամյան ալիքում հուլիսի 13-ի կեսօրին:

Թարմացված է. Բորիս Նադեժդինին մեղադրում են ծայրահեղական խորհրդանիշների ցուցադրման մեջ, գրում է msk1 պարբերականը՝ հղում անելով փաստաբան Դմիտրի Տրունինին:

Հուլիսի 10-ին ՌԴ արդարադատության նախարարությունը Նադեժդինին ներառել է «օտարերկրյա գործակալների» ռեեստրում։ Գերատեսչությունում հայտարարել են, որ քաղաքական գործիչը մասնակցել է այլ «օտարերկրյա գործակալների» և «անցանկալի» կազմակերպությունների նյութերի տարածմանը, «ոչ հավաստի տեղեկություններ» է տարածել ռուսական իշխանությունների որոշումների մասին, ինչպես նաև «կոչ է արել մասնակցել չարտոնված հանրահավաքների ու պիկետների»։

Նադեժդինը հայտարարում էր, որ «օտարերկրյա գործակալների» ռեեստրում հայտնվելը որևէ կերպ չի ազդի իր աշխատանքի վրա։ «Ապրելու և պայքարելու եմ հետագայում ևս: Հազիվ թե սա ինչ-որ բան փոխի իմ քաղաքական կենսագրության մեջ։ Շարունակելու եմ առաջադրվել Պետդումայում և ստորագրություններ հավաքել»,- ասել էր նա։

2024 թվականին Բորիս Նադեժդինն առաջադրել էր իր թեկնածությունը ՌԴ նախագահական ընտրություններում։ Նա հակապատերազմական դիրքորոշում ունեցող միակ թեկնածուն էր։ Նադեժդինի առաջադրմանն աջակցելու համար լայնածավալ արշավ էր ծավալվել, իսկ ստորագրահավաքի վայրերում հերթեր էին գոյացել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրան թույլ չտվեց մասնակցել ընտրություններին՝ հղում անելով ստորագրությունների խոտանի բարձր տոկոսին։

2026 թվականի հունիսի կեսերին Նադեժդինը փաստաթղթեր էր ներկայացրել ԿԸՀ՝ որպես ինքնաառաջադրված թեկնածու Պետդումայի ընտրություններին մասնակցելու համար, ինչից հետո սկսել էր ստորագրություններ հավաքել իր օգտին։

2024 թվականի մայիսից Ռուսաստանում «օտարերկրյա գործակալներին» արգելված է մասնակցել ընտրություններին։