Կրակոցներ Երևանում, ու էլի կրակոցներ․ կրիմինա...

Կրակոցներ Արաբկիրում, կրակոցներ Կիլիկիայում, զանգվածային ծեծկռտուք «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ, երկու անչափահասների կողմից օտարերկրյա քաղաքացու ծեծ «Պարմա» ակումբի հարակից տարածքում, շուրջ 10 կիլոգրամ մարիխուանայի և ավելի քան 1 կիլոգրամ մեթամֆետամինի հայտնաբերում։ Սրանք որևէ քրեական սերիալի դրվագներ չեն։ Սրանք ընդամենը վերջին օրերին Երևանի տարբեր հատվածներից ստացված պաշտոնական հաղորդագրություններն են։

Առանձին վերցրած այս դեպքերից յուրաքանչյուրը մտահոգիչ է, սակայն երբ դրանք հաջորդում են գրեթե ամեն օր, արդեն խոսում են ընդհանուր միտման մասին։ Մայրաքաղաքում քրեական իրավիճակը գնալով ավելի լարված է դառնում, իսկ քաղաքացիների անվտանգության զգացողությունը՝ ավելի խոցելի։

Այս ամենի ֆոնին դժվար է չնկատել մեկ այլ իրողություն։ Վերջին տարիներին իրավապահ համակարգի հիմնական ջանքերը հաճախ ուղղվում են քաղաքական գործընթացներին՝ ընդդիմադիրների, բողոքի ակցիաների և քաղաքական գործիչների դեմ իրականացվող գործողություններին։ Այդ ընթացքում մայրաքաղաքում հնչում են կրակոցներ, տարածվում են թմրանյութեր, իսկ փողոցային բռնությունը շարունակում է գլուխ բարձրացնել։

Հանցավոր աշխարհը շատ արագ զգում է, թե որտեղ է պետության ուշադրությունը։ Եթե իշխանության հիմնական թիրախը քաղաքական հակառակորդներն են, այլ ոչ թե կազմակերպված հանցավորությունը, ապա դրա հետևանքները երկար սպասեցնել չեն տալիս։ Վերջին օրերի քրեական հաղորդագրությունները հենց այդ տպավորությունն են ստեղծում։

Քաղաքացիներին չի հետաքրքրում, թե քանի ընդդիմադիր է բերման ենթարկվել։ Նրանց հետաքրքրում է, որ իրենց երեխան անվտանգ տուն հասնի, որ Երևանի փողոցներում չհնչեն կրակոցներ, իսկ իրավապահները զբաղվեն իրենց առաջնային առաքելությամբ՝ հանցավորության կանխարգելմամբ և քաղաքացիների անվտանգության ապահովմամբ։ Որքան իշխանությունը շեղվում է այդ առաջնահերթությունից, այնքան հասարակությունն ավելի թանկ գին է վճարում։