Ինչպես հայտնի է օրեր առաջ ՀՀ ԱԺ իշխանական պատգամավոր Վարազդատ Կարապետյանը վայր դրեց մանդատը, քանի որ տեղափոխվում է դիվանագիտական աշխատանքի․ մասնավորապես լինելու է Չինաստանում մեր առեւտրային ներկայացուցիչը։ Մամուլն այդ ժամանակ գրեց, որ այս կերպ Փաշինյանը փորձում է չեզոքացնել իր բոլոր հնարավոր ընդդիմախոսներին, մեկին ճնշելով, մյուսին այսպես ասած՝ հեռացնելով ասպարեզից այլ պաշտոնի նշանակելով եւ այլն։
Ըստ ամենայնի, Վարազդատ Կարապետյանի դեպքում ունենք օրենքի խախտում եւ այդ նշանակումը արվել է հենց այն բանի համար, որ նրան հեռու պահեն ԱԺ-ից եւ ընդդիմախոսությունից։ Բանն այն է, որ ՀՀ Առեւտրային ներկայացուցիչների եւ Առեւտրային ներկայացուցչությունների կանոնադրության մասին կառավարության 23 դեկտեմբերի 2004 թվականի թիվ N 1935-Ն որոշման համաձայն,
«10. Առևտրական ներկայացուցիչները (կցորդները) պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի ներկայացմամբ` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:
11. Առևտրական ներկայացուցիչները (կցորդները) նշանակվում են Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առնվազն գլխավոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախմբի պաշտոններ և (կամ) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում հայեցողական պաշտոններ (նախարարի տեղակալ, նախարարի խորհրդական) առնվազն մեկ տարի զբաղեցնող անձինք, որոնք տիրապետում են առնվազն 2 օտար լեզվի, որոնցից մեկը դեսպանընկալ երկրի պաշտոնական լեզուներից է` գործուղվելով տվյալ պաշտոնին:
Լեզվի իմացության ստուգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը` դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակելու համար նախատեսված կարգին համապատասխան: Առևտրական ներկայացուցիչները (կցորդները) նշանակվում են 3 տարի ժամկետով, որը հետագայում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով»:
Ստացվում է, որ Վարազդատ Կարապետյանը պետք է իմանար չինարեն, որպեսզի նշանակվեր դիվանագիտական աշխատանքի, ըստ օրենքի պահանջի, սակայն նա կարծես թե չինարեն չգիտի, գոնե այդ մասին նրա պաշտոնական կենսադրության մեջ նշում չկա։ Հետեւաբար հարց է առաջանում, նշանակման հարցում, որքան էլ առաջարկված լինի վարչապետի կողմից, որքան էլ աչքաբաց լինի ու կարողանա «փող բերել», ինչ սկզբունքով են առաջնորդվել, որ չինարենի իմացությունը հաշվի չի առնվել եւ չեն պահպանվել դիվանագիտական աշխատանքի անցման ընթացակարգերը։



