Ռուսաստանը և Ուկրաինան մայիսի 15-ին ռազմագերիների փոխանակում են անցկացրել՝ 205-ը 205-ի դիմաց ձևաչափով: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Մայիսի 15-ին Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է ռուսաստանցի 205 զինծառայող։ Փոխարենը, Ուկրաինայի զինված ուժերին է հանձնվել 205 ռազմագերի», - ասվում է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ռուսաստանցի զինծառայողներին գերությունից վերադարձնելու գործում միջնորդական ջանքեր է գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները:
Նշվում է, որ ռուսաստանցի զինծառայողները ներկայում գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանք ստանում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։
«Ռուսաստանցի բոլոր զինծառայողները կտեղափոխվեն ՌԴ՝ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժում և վերականգնողական ընթացակարգ անցնելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նախորդ անգամ Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում էին անցկացրել ապրիլի 11-ին՝ 175-ը 175-ի դիմաց ձևաչափով։



