
Ուկրաինայի իշխանություններն այս շաբաթվա վերջին պատվիրակություն կուղարկեն ԱՄՆ՝ բանակցելու հանքարդյունաբերության գործարքի շուրջ: Այն, ինչ սկսվել է որպես Կիեւից ԱՄՆ-ի համար հազվագյուտ հողեր արդյունահանելու գործարք, փաստացի վերածվել է Թրամփի վարչակազմի պահանջի՝ վերադարձնել պատերազմի ընթացքում տրամադրված օգնությունը: Կիեւում դա ճիշտ չեն համարում եւ ցանկանում են ԱՄՆ-ին ներգրավել ենթակառուցվածքների վերականգնման տնտեսական նախագծերում։ Ապրիլի 11-12-ին ուկրաինական պատվիրակությունը կայցելի ԱՄՆ, Bloomberg-ին հայտնել են ծրագրին ծանոթ մարդիկ։ Երկու պաշտոնյաների խոսքով՝ այն կներառի էկոնոմիկայի եւ արդարադատության նախարարությունների ղեկավարների տեղակալներին, բայց ոչ ավելի բարձր մակարդակի քաղաքական գործիչների, քանի որ բանակցությունները տեխնիկական խորհրդատվություն են պահանջում: Ուկրաինայի ԱԳՆ-ն հաստատել է, որ այցը տեղի կունենա։ Թրամփը բազմիցս հայտնել է, որ գործարքը շուտով կկայանա։ Մարտի վերջին նա նույնիսկ սպառնացել է Վլադիմիր Զելենսկուն «շատ մեծ խնդիրներով», եթե վերջինս հրաժարվի դրանից։ Սակայն Վաշինգտոնի առաջարկած վերջին տարբերակը չէր համապատասխանում Կիեւի ակնկալիքին, որը պետք է ԱՄՆ-ին տրամադրեր նոր ենթակառուցվածքային նախագծերից եւ բնական ռեսուրսների զարգացման նախագծերից ստացված եկամտի կեսը։ Բացի այդ, Ուկրաինան փաստացի կկորցնի բոլոր այս նախագծերի վերահսկողությունը, քանի որ առանց ԱՄՆ համաձայնության չի կարողանա որոշումներ կայացնել դրանց վերաբերյալ: Կիեւում վախենում են, որ դա նույնպես խոչընդոտ կդառնա Եվրամիություն մտնելու համար։Այս տեսքով համաձայնագիրը նախատեսում է պատերազմի սկզբից ի վեր ԱՄՆ-ի կողմից տրամադրված ողջ ռազմական եւ տնտեսական օգնության փոխհատուցում։ Սակայն, Զելենսկու խոսքով, օգնությունը որպես փոխառություն չի տրվել, եւ ինքը մտադիր չէ այն ճանաչել որպես այդպիսին։Ուկրաինայի կառավարությունը հուսով է բարելավել գործարքի պայմանները, ինչպես նաեւ ներառել ենթակառուցվածքների վերականգնման համար ամերիկյան ներդրումների ավելացման պարտավորությունները, գրել է Bloomberg-ը։