Տղամարդը շորտ կհագնի՞, հեծանիվ կքշի՞ տղամարդը...

21-րդ դարը մարքեթինգի դար է. օրինակ՝ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի, առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի, բրենդինգ չունի: Մեր ամբողջ խնդիրն այն է, որ առողջ ապրելակերպը բրենդինգ ունենա: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 25–ին, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առողջության համընդհանուր ապահովագրությանն առնչվող քննարկման ժամանակ:

«Ասենք՝ ամենաշատ շաքար պարունակող սնունդն այնպիսի բրենդինգ և դիզայն ունի, որ նայում ես ու ուզում ես դա:

Առողջ ապրելակերպը պետք է բրենդինգ ունենա: 21-րդ դարում ցանկացած բան, որ չունի բրենդինգ, գոյություն չունի, այսինքն՝ դա չկա: 21-րդ դարում կա բրենդինգ, կա ապրանքը, չկա բրենդինգ, ուրեմն չկա [ապրանքը]: Մեր պրոբլեմն այն չէ, որ վազելու տեղ չկա, մեր պրոբլեմն այն է, որ բրենդավորված չէ, այդ ապրանքը՝ առողջ ապրելակերպը, բրենդավորված չէ, ընդհակառակը, հակառակն է բրենդավորված»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ օրինակ, քրեական ենթամշակույթի տրամաբանությամբ կարող է առողջ ապրելակերպը նույնիսկ ամոթ լինել. «Չհասկացանք, տղամարդը շորտ կհագնի՞ կամ հեծանիվ կքշի՞, բա պիտի տղամարդը գյուղամիջում պպզի անընդհատ՝ առնվազն 6 ժամ:

Իմիջիայլոց, գյուղամեջ եմ ասում, բայց Երևանի թաղերում հազարով նման գյուղամեջեր կան, և մենք պետք է խոսենք դրա մասին:

Մեծագույն պրոբլեմն այն է, որ մեր իրականության մեջ սրա մասին խոսելը ընդունված չէ, որովհետև խոսելու բաներ կան: Դե դրա մասին ո՞նց կարելի է խոսել, կամ դրա մասին ո՞նց կարելի է կառավարության մակարդակով կառավարության նիստին խոսել:

Կառավարությունն այն տեղն է, և այն նիստն է, որտեղ ինչի մասին չխոսվեց, նշանակում է՝ այդ հարցը չի լուծվելու, նշանակում է՝ այդ պրոբլեմը շարունակելու է գոյություն ունենալ:

Այո՛, առողջ ապրելակերպը պարտվում է, որովհետև իրենց ֆորմալ և ոչ ֆորմալ բրենդինգի վրա դնում են միլիարդներ, առողջ ապրելակերպի բրենդինգը կոտրելու համար դնում են միլիարդներ»:

Ըստ Փաշինյանի՝ հենց կառավարությունն է այն մարմինը, որն ունի շահագրգռություն՝ բրենդավորելու, գրավիչ դարձնելու առողջ ապրելակերպը: