Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ տվյալ փաթեթը հնարավորություն կտա Հայաստանում ներդնել թվային աշխատանքային պայմանագրերի ինստիտուտը, ինչն իր հերթին նշանակում է, որ այսուհետ աշխատանքային պայմանագրերը կլինեն նույնատեսակ և գրագետ կազմված, հասանելի կլինեն թե՛ աշխատողին, թե՛ գործատուին, այլ ոչ թե հայեցողական կլինի՝ ում կտրամադրի գործատուն, ում՝ ոչ:
Նախագիծը նաև հնարավորություն կտա Առողջապահության և աշխատանքի տեսչությանը` իրենց աշխատանքn իրականացնել ավելի արդյունավետ, բացի դրանից՝ այդ մեխանիզմի ներդրումը հնարավորություն կտա նվազեցնել փաստաթղթերի շրջանառությունը:
«Այս ամբողջ համակարգը նախատեսում է նախագծել և ծրագրավորել ՊԵԿ-ի կողմից, և գործատուները հնարավորություն կունենան աշխատանքային պայմանագիր գեներացնել արդեն ՊԵԿ-ի կողմից առկա համակարգում»,- ասաց փոխնախարարը՝ նշելով, որ դա հնարավորություն կտա աշխատողին հասանելիություն ունենալ իր կողմից ստորագրված բոլոր պայմանագրերին, իսկ գործատուն համապատասխան շտեմարանում կունենա պայմանագիրը, ինչը հնարավորություն կտա բարձրացնել աշխատանքային իրավունքների պաշտպանության մակարդակը Հայաստանում:
Թվային համակարգի ներդրման արդյունքում Տեսչական մարմինը հնարավորություն կունենա ապահովել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների պահպանման նկատմամբ պատշաճ վերահսկողությունը, կբարելավվի աշխատաշուկայի թափանցիկությունը, կնվազեցվեն մարդկային գործոնի դերն ու ռիսկերն աշխատանքային իրավունքների վերահսկողության գործընթացում:
Ավելին՝ այս համակարգը կնպաստի գործատու-աշխատող փոխհարաբերությունների հաշվետվողականությանն ու աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգի բարելավմանը և արդիականացմանը, թվային համակարգի միջոցով արդեն թվային եղանակով աշխատողը կկարողանա հսկել իր աշխատանքային պայմանագրի վերաբերյալ ցանկացած փոփոխությունը, իսկ գործատուն իր մոտ իրականացվող պետական վերահսկողության ժամանակ չի կարողանա այն փոփոխել կամ հրաժարվել դրա կատարումից:
Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ համակարգին հասանելիություն կունենան ինչպես ՊԵԿ-ը, այնպես էլ տեսչական մարմինը և Միգրացիոն ծառայությունը:
Համակարգի ներդրումը նախատեսվում է իրականացնել փուլային եղանակով: Առաջին փուլում՝ 2025 թվականի հուլիսի 1-ից, սկսվելու է կամավոր սկզբունքով, իսկ 2026-ի հունվարի 1-ից դառնալու է պարտադիր բոլորի համար:
«Այսինքն՝ բոլոր նոր ստորագրված պայմանագրերը 2026 թվականի հունվարի 1-ից պարտադիր պետք է լինեն թվային համակարգի միջոցով գեներացման»,- տեղեկացրեց Սարգսյանը:
ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին ի պատասխան՝ արդյոք աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացն առնչվո՞ւմ է վերոնշյալին, Սարգսյանը պարզաբանեց՝ աշխատանքային գրքույկների թվայնացման պրոցեսն իրականում այլ գործընթաց է, սակայն մեկը մյուսին համալրում է: