Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահ...

Բաքվում արդեն 5.5 տարի պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբան «Հայ որբերի օգնության» ընկերության (SOAR) ղեկավար Լուսիանա Մինասյանը հրատապ և հրապարակային կերպով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ Լյուդվիգ Մկրտչյանն առողջական լուրջ խնդրի առաջ է կանգնած ու պայքարում է կյանքի համար։ 56-ամյա Մկրտչյանի մոտ լեյկոցիտների քանակը 14.27 է, ինչը նորմայից գրեթե կրկնակի բարձր է, որն ուղեկցվում է լայնածավալ բորբոքմամբ։ Նրա մոտ նաև սրտի ծանր ախտահարում կա` ձախ փորոքի հիպերտրոֆիա+դիաստոլիկ դիսֆունկիցա+աորտայի անբավարարություն: Հայ ռազմագերու մոտ հաճախակի գլխացավեր և գլխապտույտներ են լինում, կրծքավանդակի հատվածում էլ ցավեր է ունենում:

«Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը՝ Հրանուշ Շահբազյանին։ Բավական է լռությունը։ Բավական է անորոշությունը։ Մեկ զանգ։ Հիմա»,- գրել է Մինասյանը։

Նա նշել է, որ Լյուդվիգ Մկրտչյանն արդեն ավելի քան 1 ամիս է չի խոսել կնոջ հետ: Վերջին անգամ նրանք զրուցել են հունիսի 19-ին։ Այդ զանգի ընթացքում Լյուդվիգը պատմել է, որ այնքան թույլ է զգացել իրեն, որ ուշաթափվել է։ Նրան տարել են սրտի հետազոտության, բայց դրանից հետո որևէ ախտորոշում, որևէ բացատրություն չի եղել: Միայն լիակատար լռություն։ Փաստաբանը հերթական անգամ ահազանգել է, որ Մկրտչյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է, իսկ ընտանիքը տեղեկություն չունի նրանից:

«Մեկ զանգը չի առողջացնի նրան, բայց կնոջը հնարավորություն կտա իմանալ՝ արդյոք ամուսինը դեռ ողջ է և գիտակից վիճակում։ Սա մարդկային արժանապատվության նվազագույն դրսևորումն է»,- գրել է փաստաբանը: