Թուրքիայի իշխանությունների գործուն աջակցությամբ շարունակվում են ջնջվել հայկական հետքերը: «Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը» (TOKİ) քաղաքաշինական ծրագրի անվան տակ քանդել է Մուշ քաղաքի Քալե թաղամասի պատմական հայկական բոլոր տները, բացառությամբ մեկի, գրում է Ermenihaber.am-ը:
Մուշի քաղաքապետարանի և հիշյալ վարչության համագործակցությամբ քանդված հայկական տների տեղերում բազմաբնակարանային համալիր է կառուցվել: Նշվում է, որ հայկական տները ոչնչացնելու որոշումը հաստատվել էր դեռևս 2011թ. Մուշի քաղաքային խորհրդի կողմից:
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Մուշից ընտրված պատգամավորներ Շեվին Ջոշքունը և Գյուլյուսթան Քըլըչ Քոչյիղիթը Մուշի հայկական թաղամասի քանդված տների տեղերում բազմաբնակարանային համալիրի կառուցման հարցը տեղափոխել են խորհրդարանի (մեջլիս) օրակարգ:
Նրանք գրավոր հարցապնդումներ են ուղղել Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրումին և մշակույթի ու զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյին:
Ընդդիմադիր պատգամավորները, դիմելով նախարար Քուրումին, հիշեցրել են, որ Մուշի 3 թաղամասներում՝ Քալեում, Դերեում և Մինարեում, մինչև 2000-ական թվականների սկիզբը պահպանվում էին հայկական տները, որոնք, սակայն, 2012թ. ոչնչացվել և հիշողության բնաջնջման են ենթարկվել:
Նրանք պահանջել են Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարին պատասխանել, թե ի՞նչ նպատակով են Մուշի հիշյալ 3 թաղամասերում շենքեր կառուցվում, ինչու՞ են թույլատրել շինարարությունը Քալե թաղամասի հայկական տների վրա:
Ջոշքունը և Քոչյիղիթը, դիմելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին, նշել են, որ այժմ Քալե թաղամասում միակ տունը, որը չի քանդվել և այժմ կանգուն է, գրանցվել է որպես «պաշտպանության ենթակա մշակույթի արժեք»: Նրանք նկատել են, որ չնայած այդ որոշմանը Մուշի քաղաքապետարանը տարիներ ի վեր խոչընդոտներ է ստեղծում և թույլ չի տալիս տան սեփականատիրոջը, որպեսզի այն վերականգնի:



